Վերջին օրերին մեդիադաշտում քննարկվում է հայ լրագրողների այցն Ադրբեջան և ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան ու Արցախ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է արձագանքներին և ֆիքսել, որ ադրբեջանցի լրագրողներն իրենց ավելի քաղաքականացված են դրսևորել՝ համացանցում նկարներ են հրապարակել, Շուշին և Քարվաճառը ներկայացրել են որպես իրենց հայրենիք։
Հայ լրագրողներն Ադրբեջանում տարբեր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել։ Այնուհետև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ հայ լրագրողները հանդիպել են ԼՂՀ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ճիշտ է, այս փաստը հերքվել է մեր լրագրողների կողմից, բայց արձագանքները դեռ շարունակվում են։
Պետական մարմիններն ու հայ դիվանագետները պետք է կանխատեսեին նման քաղաքական մանիպուլյացիաներն ու կանխարգելման միջոցներ ձեռնարկեին։ Փաստացի մեր լրագրողները գտնվել են զբոսաշրջիկի կարգավիճակում, իսկ ադրբեջանցի լրագրողները քաղաքական գործունեություն ծավալել։