ՀՖՖ նախագահի թեկնածու, «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն ArmSport-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ու առհասարակ իսպանացի մասնագետների աշխատանքին:
Որպես ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահ` Թովմաս Գրիգորյանն ավելի վաղ դիմել է ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին` խնդրելով 1 աշխատանքային օրում ամբողջական հաշվետվություն ներկայացնել Խինես Մելենդեսի, նրա օգնականների, ինչպես նաև Միխալ Լիստկևիչի աշխատավարձերի և մնացած բոլոր ծախսերի մասին։
– Պարոն Գրիգորյան, հայտնի է` դիմել եք Արմեն Մելիքբեկյանին`խնդրելով 1 աշխատանքային օրում ամբողջական հաշվետվություն ներկայացնել Խինես Մելենդեսի, նրա օգնականների, ինչպես նաև Միխալ Լիստկևիչի աշխատավարձերի և մնացած բոլոր ծախսերի մասին։ Ու մինչ օրս չեք ստացել այն: Կմանրամասնե՞ք:
– Համացանցում տարբեր թվեր էին քննարկվում: Մելենդեսի աշխատավարձը 1 մլն եվրո է ՝ գումարած հարկերը, դա մոտ 1 միլիոն 3 կամ 400 հազար է կազմում: Լրագրողներն ու երկրպագուներն անընդհատ այդ մասին են հարցնում, ես էլ չէի ցանկանում ոչ ստույգ պատասխան տալ՝ հիմնվելով միայն իմ հիշողության վրա: Բնական է՝ սոցիալական նման իրավիճակում գտնվող երկրում բոլորին հետաքրքրում է այդ հարցը: Ի պաշտոնե հարցում ուղարկեցի Արմեն Մելիքբեկյանին, ու նա պարտավոր էր 24 ժամվա մեջ պատասխանել ինձ, արդեն ավելի քան 100 ժամ է անցել: ՀՖՖ-ում մութ սենյակներ են: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Դիմել եմ նաև ֆան-ակումբներին հատկացված գումարների չափը ճշտելու համար, ու նաև այլ հարցերի շուրջ եմ դիմել, բայց դարձյալ պատասխան չեմ ստացել:
– Հաշվի առնելով այն, որ հանդիսանում եք ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահը` ինչպե՞ս է ստացվել, որ չեք տիրապետում այդ ինֆորմացիային:
– Ֆեդերացիան կոլեգիալ, խորհրդատվական մարմին է: Իրենք խորհրդի կարիք չունեն, կարողանում են շատ ուղիղ, հստակ ճանապարհով ֆուտբոլը գլորել անդունդը:
– Շատ է խոսվում իսպանացի մասնագետների մասին: Հետաքրքիր է Ձեր կարծիքը նրանց աշխատանքի վերաբերյալ, ու որքանո՞վ է ճիշտ դատողություններ անել այս 1 տարվա արդյունքներով: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս ընթացքում ազգային ֆուտբոլի զարգացման մեծ ծրագիր է գրվել նրա կողմից:
– Իրենց աշխատանքին ընդհանուր առմամբ վերաբերվում եմ որպես վիրավորանք հայ ֆուտբոլասերին ու հայկական ֆուտբոլային ընտանիքի ցանկացած շահառուին: Մելենդեսը որպես ֆուտբոլային գործիչ հարգանքի է արժանի: Բայց պետք է հաշվի առնենք, թե մենք այսօր ինչ ունենք ու ինչ ենք պահանջում այդ մարդկանցից:
Անտոնիո Ֆլորեսը 66 տարեկանում առաջին պրոֆեսիոնալ թիմն է մարզում՝ գլխավորելով Հայաստանի երիտասարդական հավաքականը: Ես Եվրոպայից բազում ուժեղ մասնագետներ կարող եմ հրավիրել Հայաստան՝ 0 դրամ աշխատավարձով, պարզապես որպեսզի նրանց կենսագրության մեջ գրվի՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Մեր երիտասարդական հավաքականը, որը գլխավոր թիմի փոխարինողն է, փորձադա՞շտ է: Հայաստանում մի շարք լավ մասնագետներ կան, ովքեր շանս չեն ստանում, քանի որ Մելենդեսի ընկերը չեն:
Ռուբեն Լեսկանոն Մելենդեսի փեսան է: Ժամանակին Հայաստանը համարվում էր ամենաթայֆաբազ երկիրը, հիմա իսպանացիները եկել այստեղ նման բաներ են անում: Մենք մասնագետ չունե՞նք, որ կարող է գլխավորել Մ17 տարեկանների հավաքականը: Տասնյակ հազարներ ստանալով՝ 2 ամսվա մեջ 3 անգամ 6 գնդակ է ընդունում մեր հավաքականն ու որևէ պահանջ, հաշվետվություն կամ նախատում այդ մարդու դեմ չի իրականացվում:
– Ինչո՞ւ այս ամենի մասին ավելի վաղ չէր բարձրաձայնվում:
– Այն, որ իսպանացիների հետ պայմանագիրը 5 տարով չի կնքվել, իմ շնորհիվ է: Ես եմ մի կերպ «կռիվներ տվել», որ չի կարելի նման գումարներ ծախսել մի երկրում, որտեղ օրինակ սահմանամերձ գյուղերում կամ նույնիսկ Երևան քաղաքում ֆուտբոլիստը չունի խաղակոշիկ, գնդակ կամ նորմալ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Եթե ամեն ինչով ապահովված երկիր լինեինք, կարող էինք ֆեդերացիայի 10 մլն բյուջեն մեկին տալ ու նրանից խորհուրդներ հարցնել, նույնիսկ կարող էր չգալ այստեղ: Անտոնիո Ֆլորեսը դեռ 3 ամիս էր՝ աշխատում էր, օգոստոսին գնաց արձակուրդ: Երբ օգոստոսին պետք է գնար դիտեր երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների խաղն իրենց ակումբներում, նա որոշեց գնալ արձակուրդ: Դրա համար ֆուտբոլը չի ներում: Վերջին 10 տարվա ամենաթույլ երիտասարդական հավաքականը՝ Իսլանդիայի ընտրանին, մեզ 6 գոլ խփեց: Ֆուտբոլում մանրուքներ չեն լինում: Ֆուտբոլը պատժում է: Այս ամենը հենց հախուռն, անգրագետ կառավարման արդյունք է:
Գրում է ArmSport-ը։