fbpx
Զինված Ուժեր

Մենք պայքարել ենք ուժերի ամբողջ չափով. Սարգիս Բեգոյան

Մարտի դաշտում հրամայականը մեկն է` պայքար հանուն կյանքի։ Զրուցակիցս շարքային տանկիստ` նշանառու-օպերատոր, Սարգիս Բեգոյանն է, ով ծառայում էր Որոտանում (Կուբաթլու) տեղակայված զորամասում և սեպտեմբերի 27-ից գտնվել է առաջնագծում։

Պատերազմի ընթացքում Սարգիսին հաջողվել է ոչնչացնել 2 ՀՄՄ, 2 կամազ, 1 անօդաչու, 1 տանկ և 1 դիտակետ։ Սարգիսը նշում է` բազմաթիվ անգամներ է փրկվել հակառակորդի ճիրաններից, շատ անգամներ անշեղ հայացքով նայել է թշնամու աչքերի մեջ, մտքում պլանավորելով հազարավոր գործողություններ, միայն թե գերի չընկնի։

Սեպտեմբերի 27-ին արթնացել են արկերի պայթյունից։ 27-ի գիշերը` լույս 28-ին մեկնել են առաջնագիծ՝ առաջնագծից երկրորդ գիծ տանկ ետ բերելու: Ինքը՝ Սարգիս Բեգոյանը, վաշտի հրամանատար Նարեկ Ասատրյանը և մեխանիկ Ռոման Գալոյանը տանկը վերադարձնելու ժամանակ պատահմամբ հայտնվել են հակառակորդի թիկունքում: Ըստ նշանառու-օպերատորի-,«Այդ հարցում մեզ օգնեց կրտսեր սերժանտ, տանկի հրամանատար Պապին Բնյանը, ով կապի դուրս գալով մեզ հետ փորձում էր օգնել: Լսելով տանկի ձայները քայլեց մեզ ընդառաջ: Զվարճալի էր այն, որ այդ օրը Պապինի տարեդարձն էր և մենք շնորհավորեցինք ադրբեջանական տարածքից: Հետո Պապինը գալով չեզոք գոտի օգնեց անվնաս վերադառնալ հայկական սահման»:

Պատերազմն ունենում է երկու դեմք, երկու սահման, երկու անհավասար ուժեր: Սակայն հատկանշական է մեկ բան՝ բոլոր ժամանակներում հայերի հաղթական կամքը դրված է եղել զինվորի արիության և հավատի վրա` ի տարբերություն հակառակորդի։ Սարգիսը պատմում է,-«Հայրենիքը պետք է ուժեղ լինի՝ զենքի տիրապետման, ռազմական գիտելիքների զարգացման գործում։ Մեր պարտքը մենք կատարեցինք գերազանց ձևով և ոչ միայն ես, այլ շատերը կարող են փաստել, որ սա ոչ 90-ականներն են, ոչ էլ ապրիլյան պատերազմը։ Իր նմանը չունեցող նորագույն տեխնիկաների մի ամբողջ անձրև էր՝ մեր սահմանների վրա։ Մինչ պատերազմը այս հողն արժեք էր, որպես ժառանգություն մեր պապերից, բայց պատերազմից հետո դարձավ անգին ու միշտ կլինի այդ հողի կարոտը, որտեղ մեր ընկերները զոհվեցին»։

Սարգիսն առաջին վիրավորումը ստացել է ԱԹՍ-ից: Այն պայթել էր այն ժամանակ, երբ Սարգիսը դեռ չէր հասել տանկին: Փաստորեն Սարգիսի և տանկի միջև հայտնվեց ԱԹՍ-ն, որից Սարգիսն ստացավ բեկորային վնասվածքներ, բայց «վիրավորումը հաղթահարելի էր, կարևորը իրականություն վերադառնալն էր և ընկերների հետ կրկին հավասար պայքար մղելը»,- նշում է Սարգիսը: Նա նաև պատմում է, թե ինչպես է հրամանատարական անձնակազմն իրեն և մի քանի զինակից ընկերների մահացած համարել: Պարզվում է․ նրանք մնացել են խոցված տանկի ներսում: Սթրեսի սինդրոմը մի պահ կանգնեցրել էր նաև խոսելու ունակությունը, սակայն չհանձնվելով՝ Սարգիսին հաջողվել էր դուրս գալ տանկից` իր հետ հանելով նաև իր վիրավոր հրամանատարին: Հրամանատարին հնարավորինս անվտանգ վայր տանելուց հետո Սարգիսն ու ընկերը վերադարձել են տանկի մոտ` հույս ունենալով տանկի կրակը մարել: Նրանց հաջողվել է: Ցանկացել են ետ վերադառնալ, սակայն նկատել են ծուխ ու որոշել, որ կշարժվեն մի փոքր ուշ: Դուրս են եկել տանկից, բարձրացել խրամատ և տանկը պայթել է. «Տանկի կորուստը ցավով ընդունեցի, բայց կարևորն անելանելի դրությունից դուրս եկանք առանց զոհերի»,- անկեղծացավ նա։

Կշեռքի մի նժարին դրված է զինվորների և նվիրյալ սպաների մեծ ու փոքր հաղթանակները, մինչև վերջ պայքարելու հաստատակամությունը, մյուսին՝ անբացատրելի պարտությունն ու ազգային կորուստը: Հակասական զգացողությունների այս տարափում փոքրացած քարտեզով հայրենիքը պաշտպանելու ուժն ու եռանդը արդյո՞ք մեկտեղելի են։ Այս հարցին շարքային Բեգոյանը պատասխանեց-,«Չեմ ցանկանում մեզ պարտված ճանաչել։ Մենք պայքարել ենք ուժերի ամբողջ չափով։ Երբ գլխավերևումդ թռչում էր գերժամանակակից ԱԹՍ, իսկ դու բաց դաշտում ես գտնվում՝ տանկի մեջ դու համարվում ես թիրախ, սակայն այս ամենի հետ մեկտեղ մենք բազմիցս արագ տեղաշարժերով խուսափել ենք խոցվելուց, նույնիսկ ահնարը դարձնելով հնարավոր։ Պատերազմում կորուստները անտանելի շատ են, բայց երբեք չպետք է մտածենք, որ այդ ամենը անիմաստ էր ։ Չէ´, այս պայքարը մեր ազատության, մեր գալիք սերունդների գոյության ու ապահովության համար էր, մեր ընտանիքների հանգիստ ու խաղաղ քնի համար»։

Սարգիսը երկար տարիներ հաճախել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն: Ասում են, թե շախմատի խաղաքարերն իրենց զանազանությամբ և դասավորությամբ փորձել են պատկերել հին ժամանակների հնդկական զորքի կազմն ու շարքը։ Գուցե Սարգիսի մտքով էլ չանցներ, որ ժամանակին թագավորին ընկճելու և իր անկարողությունը ի ցույց դնելու համար նախատեսված այս պարտիան կարող է ժամանակ անց օգնել իրեն արագ և ճիշտ կողնորոշվելու համար: Սարգիսն ասեց-,«Շախմատում և պատերազմում բավականին շատ են նմանությունները: Կարելի է ասել պատերազմի նախատիպն է տախտակի վրա։ Հաշվարկների և կոմբինացիաների առումով նկատելի կապ կա դրանց միջև՝ ինչպես կարելի է տախտակի վրա դիրքային տեղաշարժեր կատարել նույն կերպով էլ պատերազմում կարելի է տեղաշարժվել…»։

Հարցին, թե արդյո՞ք ինքն օգտվել է շախմատի իր գիտելիքներից, Սարգիսը պատասխանեց-,«Իրականում կյանքում էլ ամեն պահի ինչ-ինչ իրավիճակներից ելնելով՝ մենք խաղում ենք շախմատ: Ու պատերազմն էլ բացառություն չէ: Ես օգտվեցի պատերազմից 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հայտնվել էինք Ադրբեջանի սահմանում: Հակառակորդը հեշտությամբ կարող էր մեզ գերի վերցնել, բայց նրանք մտածելով, որ տանկը արդեն իսկ գրավված տանկ է, որի ներսում ադրբեջանցի զինվորներ են, ոչինչ չարեցին: Իսկ մենք մեր ընկերների ու հենց մեր խելամիտ քայլերի կամ այլ կերպ ասած՝ շախմատային քայլերի օգնությամբ կարողացանք անվնաս դուրս գալ այդ տարածքներից»:

«Ես հայ եմ ու պետք է հաղթեմ։ Մենք սա փոքրուց ենք սովորել»,- ավելացրեց Սարգիսը և այս խոսքերով էլ ավարտվեց մեր զրույցը: Կարևորը գիտակցելն ու շարունակելն է մեր պայքարը:

Լիլիա Ալավերդյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ