fbpx
Կրթություն

Մենք փորձում ենք մեր ազգային առանձնահատկությունները համադրել միջազգային զարգացման միտումներին. Անափիոսյան

Տեղի է ունեցել «Նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարական նպատակների և համապատասխան ցուցանիշների համաձայնեցումը միջազգային մարդկային զարգացման քաղաքականության գործիքների հետ» փորձնական ծրագրի արդյունքների վերաբերյալ աշխատաժողով, որի նպատակն էր Հայաստանում ՄԿՈՒ արդյունավետ ռազմավարության մշակումը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ նշելով, որ ծրագիրը Հայաստանին հնարավորություն է տվել ՄԿՈՒ ռազմավարական պլանավորումն էլ ավելի համապարփակ իրականացնել. «Մենք փորձում ենք մեր ազգային առանձնահատկությունները համադրել միջազգային զարգացման միտումներին։ Հաճախ գործատուները դժգոհություն են հայտնում, որ շրջանավարտները չեն կարողանում իրենց հմտություններով և կարողություններով բավարարել իրենց պահանջները: Մենք կարևորում ենք մարզի զարգացման ուղիներն ու հնարավորությունները հաշվի առնելը և այնտեղ իրականացվող ուսուցումն ու մասնագիտությունները համահունչ դարձնելը գործատուների կողմից ներկայացվող առաջարկին»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունն այսօր էլ շարունակվում է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» ծրագրի շրջանակում:

«Այս ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել պետական մարմինների և սոցիալական գործընկերների՝ ՄԿՈւ համակարգը վերլուծելու և բարեփոխելու կարողությունները՝ ազգային առաջնահերթությունները, նպատակները և պլանավորման գործընթացները համապատասխանեցնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին և առաջարկություններին, ՄԱԿ-ի 2030թ. Կայուն զարգացման նպատակների օրակարգին, Եվրոպական միության քաղաքականությանն ու G20 երկրների լավագույն փորձին»,-նշել է փոխնախարարը և տեղեկացրել, որ ԱՄԿ «Հմտությունների զարգացման ռազմավարական պլանավորման և համապատասխան ցուցանիշների ներդրման» փորձնական ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզում իրականացնել աշխատաշուկայի հետազոտություն:
«Նման հետազոտությունների առկայությունը շատ կարևոր է, որոնք հետագայում հնարավորություն կտան պետպատվերի տեղերի բաշխումն իրականացնել բացառապես աշխատաշուկայի կանխատեսումների հիման վրա՝ խթանելով ՆՄՄԿՈՒ ուսումնական հաստատություններում ընդունելության պլանավորումը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ՄԿՈւ ռազմավարական պլանավորման ժամանակակից ուղղությունները, ռազմավարական պլանը և առաջիկա 5 տարվա թիրախները: Ներկայացվել են 2018թ. շրջանավարտների կարծիքի ուսումնասիրության արդյունքները՝ ելակետային տվյալների ձևավորման նպատակով: Բացի այդ, անդրադարձ է եղել ՄԿՈւ ռազմավարական պլանի մշակման գործընթացում գործատուների և արհմիությունների մասնակցությանը, ներկայացվել է ՄԿՈւ ռազմավարական պլանավորման փորձը Ղրղզստանում և Տաջիկստանում: Քննարկվել են նաև աշխատաշուկայի համար աշխատուժի զարգացման համար առաջարկվող մոտեցումները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ