fbpx
Խորհրդարան

Մենք որևէ խնդիր չունենք հանրաքվեի դնելու հետ կապված․ Ալեն Սիմոնյանը՝ սահմանադրական փոփոխության մասին

Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի արել և չի անելու, որը դեմ կլինի ժողովրդավարության սկզբունքներին. որևէ միջազգային կառույց, որևէ զեկույց մինչ այս պահը հայաստանի դեմ չի եղել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին ԵՄ դեսպանների հետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպմանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, նվիրված է եղել Աժ-ում «Իմ քայլի» կողմից ներկայացված նախագծերի քննարկմանը:

«Իսկ եղած կարծիքները, արձագանքները եղել են ընդամենը ստեղծված իրավիճակի արձանագրում: Նաև զսպվածության կոչ է եղել, քաղաքական դաշտից դուրս գալու կոչ է եղել այն կողմին, որն այսօր զբաղվում է քաղաքականությամբ և հին աշխարհից մնացած մարդիկ են: Սա մեր գնահատմամբ: Իրենց գնահատմամբ, միգուցե կոչը մեզ է ուղղված: Բայց զսպվածության կոչը, հարցը ընդհանուր գնահատականը, զեկույցը պետք է իրարից տարբերենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ դեսպանների հետ հանդիպմանը ներկա չի եղել, բայց տեղեկացել է, որ խոսակցություն է եղել ստեղծված իրավիճակի մասին, մտքերի փոխանակություն է եղել և ամբողջ ինֆորմացիան հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:

«Մենք որևէ խնդիր չունենք որևիցե երկրի, որևիցե դեսպանատան, որևիցե միջազգային ժողովրդավարական կառույցի հետ: Հանեք այդ հարցը օրակարգից: Եկել են ԱԺ, լավ են արել, բարի գալուստ, քննարկել ենք, գնացել են: Վերջիվերջո, մենք բոլորս պատասխանատու ենք առաջին հերթին Հայաստանի ժողովրդի առջև»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե իշխանությունը հակված է հանրաքվեի՞ դնել կոնկրետ այս սահմանադրական փոփոխությունը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ձեզ հիմա դա չեմ ասի, բայց կասեմ հետևյալը, որ մենք որևէ խնդիր չունենք հանրաքվեի դնելու հետ կապված: Նաև վարչապետը հայտարարել է, որ ուղիղ կառավարումը մեզ համար ամենաընդունելի և գործածելի տարբերակն է»:

Դիտարկմանը, թե հանրաքվեի տարբերակը չի՞ բացառվում, նա արձագանքեց, որ չի բացառում, որ ամեն տարի 2-3 հանրաքվե տեղի ունենա, եթե կլինեն համապատասխան հարցեր։

«Դրա այլընտրանքը փակ սենյակներում որոշումներ կայացնելն է, մենք գնալու ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ամենաբաց տարբերակի: Այո, ժողովուրդն է որոշելու, եթե մենք խնդիր ունենք»,-հավելեց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանին ասել է, որ եթե ԱԺ-ն ընդունի այդ աղմկահարույց օրինագծերը, ինքը դրանք չի ստորագրի, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի։

«Ցավոք, այսօր լրատվամիջոցների տեղեկությունների գերակշիռ մասը գուշակությունների և իրականության հետ կապ չունեցող բաներ են»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ