Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայտնի տեսանյութին, նշելով, որ միջադեպն իրապես եղել է, բայց դրա շարունակությունը, որը բացակայում է տեսանյութում, մեր օգտին է եղել։
Նա գրել է, որ առաջին անգամ միջադեպի մասին իմացել է երկուշաբթի՝ վարդենիսցիներից։ Հետո նույն պատմությունը լսել է Վերին շորժայում ծառայություն իրականացնող տարբեր զինվորներից ու սպաներից։
«Ինչպես գիտեք, երկու կողմից էլ զորքերին արգելվել է առաջինը կրակել: Ադրբեջանական բանակը փորձում է առանց կրակոցի առաջ գալ, մեր բանակը փորձում է առանց կրակոցի դա կասեցնել:
Այդ տարօրինակ պրոցեսի ընթացքում բարձրադիր հատվածներից մեկում ադրբեջանական մի մեծ խումբ «վրա է տվել» մեր զինվորներին, քանակով ոի ուժով խլել զենքերը և ստիպել, որ հեռանան (ինչպես երևում է տեսանյութում):
Ի պատասխան դրա, մեր զորքերը, նույն կերպ, առանց կրակոցի, վրա են տվել ադրբեջանական մի ուրիշ, բայց ավելի մեծ խմբի, խլել զենքերը ու ոչ պակաս ծեծի ենթարկել դիմադրողներին:
Դրանից հետո, հետագա էսկալացիան կանխելու նպատակով, տեղային մակարդակում բանակցություն է եղել, որի ժամանակ փոխանակվել են իրարից խլված զենքերը», – գրել է դեպքի մասին Իոաննիսյանը։
Նա նշել է, որ դեպքից հետո Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի ոգին բավականին ընկել է, քանի որ իրենց արածի արժանի պատասխանը ստացել են:
Իոաննիսյանը գրել է, որ իր հետ կապվել են դիրքերից ու վրդովված ասել․ «մենք մեր պատիվը պահել ենք, դրանք պատասխանը ստացել են, ինչի՞ են մեր մասին սենց բաներ տարածում»։
«Երեկ ես իմ աչքով էի տեսնում, թե ինչպես են մեր դիրքերին մոտիկ գտնվող ադրբեջանական զինվորները խուսափում նույնիսկ մեր կողմ նայելուց: Երբ մեր զինվորական մեքենան էր անցնում իրենցից ոչ հեռու, ադրբեջանական զինվորները գնում, մի բլրակի հետևն էին մտնում՝ կարծես վախենային ծեծ ուտելուց», – ավարտել է խոսքը Իոաննիսյանը: