Սպորտ

Անհրաժեշտ է, որ ՊՍԺ-ի դեմ խաղում Մեսսին լինի լավագույն մարզավիճակում. Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նախախաղային ասուլիսում խոսել է Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման մասին:

Կումանը նշել է, որ մեծ խանդավառությամբ են մոտենում այս խաղին:

«Ամենասկզբից հասկանում էինք, որ մեզ սպասվում է շատ դժվար դիմակայություն: ՊՍԺ-ն ունի ուժեղ թիմ: Կարծում եմ՝ կստացվի հետաքրքիր դիմակայություն: «Բարսելոնան» զգալիորեն ավելացրել է վերջին ամիսներին, իսկ ՊՍԺ-ն լավ ընթացքի մեջ է: Մեզ սպասվում են 2 դիտարժան հանդիպումներ»:

Մարզիչը խոսել է նաև թիմի ավագի պատրաստվածության մասին:

«Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է: Մեզ անհրաժեշտ է, որ այս խաղում նա լինի լավագույն մարզավիճակում: Ինչ վերաբերում է Նեյմարի ու Դի Մարիայի բացակայությանը, ապա ցանկացած թիմի համար կարևոր է, որ պատրաստ լինեն բոլոր խաղացողները: Օրինակ՝ մեզ չեն կարողանա օգնել Ֆելիպե Կոուտինյոն, Անսու Ֆատին, Սերխի Ռոբերտոն ու Ռոնալդ Արաուխոն: Յուրաքանչյուր թիմ ունի ուժեղ և թույլ կողմեր: Հուսով եմ՝ այս խաղում մենք կօգտագործենք դրանք»,-ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կանցկացվի փետրվարի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով կսեգիշերին: Պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մարտի 10-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ