fbpx
Երևան

Մետրոյի նոր կայարանի կառուցման նոր գաղափարներ կան. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հերքեց մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն իր կինն աշխատում է քաղաքապետարանում, զբաղվում քաղաքացիների ընդունելություններով և անգամ պատասխանում ամուսնու հեռախոսին։

«Բնականաբար, նման բան չկա։ Բոլոր շահագրգռված անձինք՝ իմ ընկերները, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են և օգտակար են լինում», – ասաց նա։

Քաղաքապետը նաև անդրադարձավ վերելակների հարցին: Նա տեղեկացրեց, որ ընթացիկ լուծումներ լինելու են, սակայն սպասում են գլոբալ լուծման։

Հարց հնչեց նաև մետրոյի նոր կայարանի կառուցման մասին, ինչին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան՝ ի դեմս «Թումոյի» մերձակայքում կայարան ունենալուն։

Հայկ Մարությանի խոսքով՝ առաջին տարբերակով կայարանի հարցը կարելի է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, որ տնտեսվարողը ներդրումներ անի, շրջակայքում հին շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցվեն, և մետրոյի կայարան ունենալու արդյունքում տնտեսվարողը կարողանա բնակարաններն առավել թանկ գնով վաճառել։

«Այս առաջարկը կոնկրետ տնտեսվարող է արել, համատեղ հետագա գործողությունների պլան ենք մշակում։ Աշխատում ենք նաև ճոպանուղի ունենալու ուղղությամբ։ Ես շատ եմ ուզում, որ ունենանք։ Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կարող եմ ասել, որ իմ առաջին տեղակալը մեկ շաբաթով երեկ մեկնել է Պրահա՝ ամբողջությամբ ուսամնասիրելու համակարգը, փորձը։ Նաև նոր հանձնաժողով է ստեղծվում, այսինքն՝ այս ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ», – ասաց Մարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ