Մարտավարական հաջողություն՝ բռնության ֆոնին
2026թ. նոյեմբերի 20-ին Մեքսիկայի հատուկ ուժերը Սինալոա նահանգի Գուասավե քաղաքում ձերբակալել են Ֆաուստո Իսիդրո Մեսա Ֆլորեսին, որը հայտնի է որպես «Էլ Չապո Իսիդրո»։ Նա գտնվում էր FBI-ի ամենափնտրվող 10 հանցագործների ցուցակում։ Գործողությունն իրականացվել է ԱՄՆ հետախուզական ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա: Թեև հաջողվել է ձերբակալել Մեսա Ֆլորեսին և նրա երկու բարձրաստիճան օգնականներին՝, այն անմիջապես հանգեցրել է կարտելային ուժերի կատաղի դիմադրության և բռնության ալիքի, որը ցնցել է ամբողջ տարածաշրջանը:
Մեքսիկայի պաշտպանության քարտուղարության տվյալներով՝ փոխհրաձգության ընթացքում զոհվել է Մեսա Ֆլորեսի կազմակերպության յոթ անդամ և մեքսիկական բանակի չորս զինծառայող, որոնք շտապում էին օգնության: Առցանց տարածված տեսանյութերը ցույց են տալիս ուղղաթիռներից արձակված կրակոցներ և խուճապի մատնված քաղաքացիներ, որոնք փախչում են բեյսբոլի մարզադաշտից: ԱՄՆ Հերմոսիլոյի գլխավոր հյուպատոսությունը նախազգուշացում է տարածել Ահոմե, Գուամուչիլ, Գուասավե և Նավոլատո քաղաքներում տեղի ունեցող զինված բախումների, ճանապարհների փակման և տրանսպորտային միջոցների հրկիզման մասին՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ պատսպարված:
Տարածաշրջանային անկայունություն
Մեսա Ֆլորեսի ձերբակալությունը կարևոր շրջադարձ է Սինալոայի անվտանգության համատեքստում: Նրա կազմակերպությունը, որը հայտնի է որպես «Գուասավեի կարտել», տասնամյակներ շարունակ զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ՝ ԱՄՆ-ը հեղեղելով ֆենտանիլով, կոկաինով և հերոինով: Այնուամենայնիվ, ձերբակալությանը հաջորդած բռնությունները վկայում են նման խորը արմատներ ունեցող հանցավոր կառույցների ապամոնտաժման բարդության մասին: Կարտելի կողմից իրականացված հարձակումները հիշեցնում են, որ հանցախմբի պարագլխի հեռացումը հաճախ հանգեցնում է ոչ թե անվտանգության բարելավման, այլ իշխանության վակուումի և դաժան պատասխան գործողությունների:
Այս իրադարձությունը տեղի է ունենում Մեքսիկա-ԱՄՆ հարաբերությունների բարդ ժամանակահատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար ճնշում է գործադրել Մեքսիկայի կառավարության վրա՝ պահանջելով ավելի վճռական գործողություններ թմրակարտելների դեմ: Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը փորձում է պահպանել ինքնիշխանությունը՝ հրաժարվելով ԱՄՆ-ի ուղղակի ռազմական ներկայությունից, սակայն համաձայնելով հետախուզական սերտ համագործակցությանը: Գործողության հաջողությունը ցույց է տալիս այս համագործակցության արդյունավետությունը, սակայն հետագա անկարգությունները լուրջ փորձություն են Շեյնբաումի վարչակազմի համար:
Հետագա քայլերը
44-ամյա Մեսա Ֆլորեսը, որը նախկինում «Բելտրան Լեյվա» կազմակերպության բարձրաստիճան անդամ էր, 2013թ.-ից ստեղծել էր սեփական կարտելը: Նա մեղադրվում է 2005-2019թթ. ընթացքում թմրամիջոցների խոշոր խմբաքանակների արտադրության և բաշխման մեջ: 2025թ. FBI-ի ամենափնտրվողների ցուցակում հայտնվելուց հետո նա դարձավ անվտանգության մարմինների թիրախը՝ ֆենտանիլի 20 միլիոն հաբերի առգրավման գործով: Ներկայումս Մեսա Ֆլորեսը տեղափոխվել է Մեխիկո՝ դատական գործընթացի, մինչդեռ ԱՄՆ-ը ձգտում է նրա արտահանձնմանը՝ իր տարածքում դատելու համար:
Հրապարակման աղբյուր: bbc.com.

