fbpx
Աշխարհ

Մեյը կշարունակի պայքարը Brexit-ի գործընթացի իրականացման համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վերադառնալ Բրյուսել ու փորձ կատարել նորից քննարկելու Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի նախապայմանները: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:

«Երբ վերադառնամ Բրյուսել, ես շարունակելու եմ իմ պայքարը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի համար: Ես զինված կլինեմ նոր մանդատով, նոր ծրագրերով ու օպտիմալ որոշումներ կայացնելու մեծ վճռականությամբ՝ Brexit-ի գործընթացի իրականացման առումով: Դրա օգտին քվեարկել է ամբողջ ազգը, միևնույն ժամանակ որևէ սահմանագիծ չի դրվել Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջև»,- ասել է Մեյը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրիտանական խորհրդարանը հունվարի 29-ին կողմ է քվեարկել ԵՄ-ից Թագավորության դուրս գալու մասին համաձայնագրում մի շարք փոփոխություններ կատարելուն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ էր ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվել նախորդ ծրագրից:

Ավելի ուշ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիությունը չի պատրաստվում վերանայել կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ Brexit-ի գործընթացը մեկնարկել է դեռևս 2016 թվականին: Նախատեսվում էր, որ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից պետք է դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ