Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը անդրադարձել է վերջին շաբաթներին Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ ընթացող քննարկումներին.
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ եւ քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, ուր գործում են հիշատակված ցենզերը, ընդգծված կարեւորություն է տրվում դրանց միաժամանակյա պահպանմանը, մասնավորապես երկրի նախագահի ընտրություններում, քանի որ նախագահի ընտրությունները անց են կացվում ուղղակի ընտրություններով: Հանրահայտ է, որ երկրի նախագահը պատասխանատվություն է կրում արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության եւ պաշտպանության համար եւ հիշատակված ցենզերից որեւէ մեկի խախտման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում իրավական եւ քաղաքական դաշտում: Նման փոփոխության դեպքում, եթե ՀՀ քաղաքացին ստանում է ընտրվելու իրավունք, ապա նա միաժամանակ պետք է ստանա նաեւ ընտրելու իրավունք: Սրանք միմյանց հակասող թեզեր են եւ չեն դիմանում որեւէ քննադատության: Ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ստանում են Արցախում տեղի ունեցող բոլոր ընտրություններին քվեարկության տեսքով ընտրելու իրավունք, սակայն այդ նորմը չի գործելու Արցախի ընտրողների համար: Իր պետականությունը հարգող եւ կարեւորող որեւէ երկրի օրենսդիր մարմին իրավունք չի վերապահի իրեն դառնալ նման հակասությունների սկզբնաղբյուր: Եթե այնուամենայնիվ Արցախի Սահմանադրության մեջ նման փոփոխության անհրաժեշտություն է ծագել, ինչն անչափ կասկածելի է, ուրեմն նմանատիպ համաժամանակյա փոփոխություններ պետք է իրականացվեն նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ: ՀՀ-ում պատրա՞ստ են արդյոք նման քայլի: Հազիվ թե, քանի որ այն բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում: Այնպես որ միայն պասիվ իրավունքով վերապահումը նույնպես իր մեջ պարունակում է իրավախախտումներ, քանի որ տվյալ թեկնածուն՝ ում տրվել է ընտրվելու իրավունք, զրկված է մնում անգամ իր օգտին քվեարկելու իրավունքից:
Օրենսդրի կողմից քաղաքացիության ցենզի սահմանումը պայմանավորված է նաեւ նրանով, որ քաղաքացիության առանձնահատկությունն այն է, որ տվյալ պետության քաղաքացին հանրային իրավունքի բնագավառում պետության հետ իրավահարաբերություններում հանդես չի գալիս միայն որպես պետության ինքնիշխանության ազդեցության օբյեկտ, այլ դիտվում է որպես պետության ինքնիշխանության մասնակից, օժտված լինելով անհրաժեշտ իրավունքներով: Քաղաքացիության արդյունքում անձը մի կողմից գտնվում է իր պետության իրավազորության ներքո, եւ անվերապահորեն ենթարկվում է ինքնիշխանությանը, իսկ մյուս կողմից՝ պետությունը ճանաչում եւ ապահովում է անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընտրելու / ընտրելու եւ ընտրվելու/ եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը:
Քաղաքական առումով մենք յուրաքանչյուր քայլափոխի ընդգծելով Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավասու պետության կարեւորությունը, այս տեսանկյունից դիտարկելով հարցը, մեզ անհրաժեշտ է առավել եւս շեշտադրում կատարել Արցախի Հանրապետության քաղաքացիության իրողության վրա, ինչը նույնպես պետականության անհրաժեշտ ատրիբուտներից է»։
https://www.facebook.com/BalasanyanVitali/posts/485795372225012