ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 8-ին խորհրդարան էին այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի դպրոցի և Երևանի «Էլիտա» միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին:
Դպրոցականների հետ հանդիպել և «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Աշակերտները պատգամավորներին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են կրթական ոլորտին, մարզային հեռուստաընկերությունների հեռուստահաղորդումներին: Պատգամավորները սիրով պատասխանել են հարցերին: Խորհրդարականներն աշակերտներին հորդորել են լավ սովորել, ընտրել մրցունակ մասնագիտություն, քանի որ իրենք են մեր երկրի ապագան: Այնուհետև զրույցը շարունակվել է խորհրդարանի նիստերի դահլիճում, երեխաներն այցելել են ԱԺ թանգարան:
Նույն օրը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ծրագրում ներգրավված հայ և գերմանացի ուսանողները, հետևել ՀՀ Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանին: Նրանց հետ հանդիպել է պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Պատգամավորը հյուրերին մանրամասն ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը և օրենսդիր գործունեությունը: Վիկտոր Ենգիբարյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Թավշա հեղափոխությունից հետո մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: