fbpx
Իրավական

Միհրան Պողոսյանը չի ներկայացել ՀՔԾ

ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։

«Միհրան Պողոսյանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել է, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները»,- ասաց Օհանջանյանը:

ՀՔԾ-ն այլ մանրամասներ չի հաղորդում:

Ավելի վաղ, ՀՔԾ-ն հայտնել էր Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի գործի վերաբացելու մասին:

Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ):

Ըստ ICIJ-ի հրապարակման՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ՀՀ նոր կառավարությունը հետաքննություն էր սկսել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ կապված՝ Պանամայի օֆշորային սկանդալի գործով:

ICIJ-ն նշել էր, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քննում է Միհրան Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը, ինչպես նաև ստուգում է փողերի հնարավոր լվացման դեպքերը:

2016 թվականին «Հետք» լրատվամիջոցը՝ իր «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Հրապարակումից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ին, Պողոսյանը հրաժարական էր տվել ԴԱՀԿ պետի պաշտոնից:

2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում էր կայացրել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը կրկին պատգամավոր ընտրվեց և շարունակեց օրենսդիր գործունեությունը ՀՀԿ խմբակցության կազմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ