fbpx
Աշխարհ

Հռոմի պապը կմասնակցի միջազգային աղոթքի՝ հանուն Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում խաղաղության

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և աշխարհի մյուս հոգևոր առաջնորդները հոկտեմբերի 20-ին միասին կաղոթեն հանուն խաղաղության, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ֆրանցիսկոս պապը կմասնակցի խաղաղության միջազգային աղոթքին, որի խորագիրն է՝ «Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ. խաղաղություն և եղբայրություն»։

Միջազգային աղոթք անցկացնելու նախաձեռնությունը Հռոմում գործող Սուրբ Էջիդիո համայնքինն է: Միջոցառումը կանցկացվի Հռոմի Սուրբ Մարիամի բազիլիկում։ Դրան կմասնակցեն բազմաթիվ քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներ: Աղոթքին կհաջորդի միջկրոնական արարողություն, որը տեղի կունենա Միքելանջելոյի հրապարակում:

Վատիկանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի 8 լեզուներով տարբեր լրատվական ալիքներով և սոցցանցերով: Հաղորդագրությունում շեշտվում է, որ միջոցառման ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային կանոնները։

Միջազգային խաղաղության աղոթքը կնվիրվի կորոնավիրուսի համավարակի պատճառով մահացածների հիշատակին, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում գտնվողներին:

«Պատմության դժվարին պահ ենք ապրում ոչ միայն համավարակի պատճառով, այլև հին և նոր պատերազմների, որոնց թվում են 10 տարի տևած սիրիական պատերազմը և Լեռնային Ղարաբաղում ընթացող ներկայիս պատերազմը: Եվրոպայի սրտից աշխարհի համար հանդիսավոր առիթ կստեղծվի խորհելու և աղոթելու․ հույսի ուղերձ ապագայի համար՝ հանուն մեծագույն բարու՝ Խաղաղության»,- ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ