«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը:
«Նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումն ակնհայտ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է:
Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: Հայաստանն իրավունք չունի ընկրկելու որեւէ աշխարհաքաղաքական պրոցեսի նկատմամբ, որը ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:
Հայաստանի Հանրապետությունն անհապաղ պետք է ձեռնարկի հստակ քայլեր՝ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ժամ առաջ հեռացնելու ուղղությամբ: Մեր գնահատմամբ խնդրի հանգուցալուծման երկու ճանապարհ կա՝ քաղաքական-դիվանագիտական կամ ռազմական: Որպես առաջնային քայլ Հայաստանը պետք է՝
Անհապաղ դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հստակ պահանջով:
Անմիջականորեն պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, նաեւ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պահանջելով վերջիններից գործուն քայլերի իրականացում Ադրբեջանի զինված ուժերին միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար:
Միեւնույն ժամանակ մենք՝ որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք ամենասեղմ ժամկետներում կազմակերպել ՀՀ սահմանների պատշաճ ռազմական պաշտպանությունը:
Նաեւ վտանգավորության աստիճան մտահոգիչ ենք համարում ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ակնհայտ կրավորական պահվածքը այս օրհասական իրավիճակում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ ինքն է ստանձնել հիմնական միջնորդի պարտավորությունը, ավելին՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից պայմանագրային մի շարք պարտավորություններ ունի ՀՀ նկատմամբ:
Մենք ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ եւ գործուն քայլեր, քանզի միմիայն բարոյական աջակցության մասին հերթապահ հայտարարությունները խնդիրը չեն լուծի, ավելին՝ ստեղծված իրավիճակում անգործությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի շեշտակի վատթարացման, ուստի պետք է ժամ առաջ պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացման եւ մեր ռազմաքաղաքական լիարժեք ինքնապաշտպանությունը կազմակերպելուն»,- ասված է հայտարարության մեջ։