fbpx
Արցախ

Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի՝ ինչպես այլ տարածաշրջաններում․ Հարությունյան

Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի՝ ինչպես այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Արցախի՝ արդեն 2 ամիս շրջափակման մեջ գտնվելու հանգամանքին:

«Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։

Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։

Հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում:

Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով Հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի՝ շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը:

Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակն , այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում։

Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում:

Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը:

Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»,- ասված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ