Այսօր կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը ասաց.
«Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակցությունը, արդյո՞ք այն պատրաստ է, և կարո՞ղ է կառավարությունը դա ունենալ, որպեսզի քննարկենք և հիմնվելով այդ եզրակացության վրա՝ մեր անելիքները որոշենք»:
Գրիգորյանը արձագանքեց, որ արդեն իրենց ձեռքի տակ է ամբողջական եզրակացությունը և առնվազն 4 օրից կարող են ներկայացնել կառավարությանը:
«Քննչական կոմիտեի ՀԿԳ կոմիտեի գլխավոր վարչությունում հարուցվել է քրգործ՝ շրջակա միջավայրի վրա «Լիդիան Արմենիա»-ի ազդեցության գնահատման նպատակով: Քննչական կոմիտեի կողմից նոյեմբերի 8-ին հայտարարվել է երկու փուլով միջազգային կազմակերպությունների կողմից նախաորակավորման հայեցակարգ, միջազգային մրցույթ անցկացնելու հրավերներ են ուղարկվել ոլորտի ընկերություններին: Նախապատվություն է տրվել «Էլ արտ» ընկերությանը: Մարտի 15-ին այն կնքվել է, մարտի 18-ին նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Իրականացվել է ջրային ռեսուրսների՝ Ջերմուկի աղբյուրների, ստորգետնյա ջրային ավազանների վրա ազդեցությունների գնահատում, 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 31-ին նախնական եզրակացությունը ստանալ: Հունիսի 25-ին սկայպ կոնֆերանս զանգ է տեղի ունեցել Քննչական կոմիտեի և ընկերության միջև, «Լիդիանը» ներկայացրել է պարզաբանումները: «Լիդիան Արմենիան» ընկերությունը վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին՝ բաղկացած 188 թերթից, 237 թերթ հավելավածները ներառյալ, վերջնական եզրակացությունը օգոստոսի 6-ի դրությամբ ամբողջությամբ թարգմանված է հայերեն՝ 341 թերթ,վերջնական սրբագրված եզրակացությունը օգոստոսի 7-ին ուղարկվել է վարույթն իրականացվող մարմին», – ասաց Գրիգորյանը:
Վարչապետի այն հարցին, թե ի վերջո կառավարությունը ե՞րբ կունենա ամբողջական տարբերակը, կհասցնի՞ ծանոթանալ, ՏԿԵ նախարար Պապիկյանը նշեց, որ մյուս շաբաթ պետք է նախնական կողմնորոշում ունենանք, թե ինչ ենք ունենալու: Նախնական եզրակացությանը ծանոթ ենք եղել, նոր ինֆորմացիայի շուրջ կհասցնեն մինչև երեքշաբթի պատրաստվել: