fbpx
Աշխարհ

Միջերկրածովյան երկրներում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 40-ը

Միջերկրածովյան տարածաշրջանում արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 40-ը։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։

Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Ալժիրին։ Այնտեղ հրդեհները խլել են 34 մարդու կյանք, այդ թվում՝ 10 զինվորի, որոնք փորձում էին տարհանել բնակիչներին մերձափնյա Բեջայա քաղաքից։ Ըստ Ալժիրի իշխանությունների՝ հրդեհների 80 %-ը մարվել է, սակայն դեռ 8000 հրշեջներ և հարյուրավոր միավոր տեխնիկա ներգրավված է հրդեհաշիջման աշխատանքներին։

Հարևան Թունիսում ևս հրդեհներ են մոլեգնում․ այնտեղ տարհանվել է 300 մարդ։

Հունաստանի 13 նահանգներից 6-ում հայտարարվել է վտանգի ծայրահեղ մակարդակ։ Հռոդոս կղզում ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել։ Կղզու հանգստավայրերից տարհանվել են նաև հազարավոր զբոսաշրջիկներ։

Հունական Էվիա կղզում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ինքնաթիռի կործանման պատճառով 2 օդաչու է զոհվել։ Էվիայում ևս մեկ տղամարդու մարմին են գտել։

Կորֆու և Կրետե կղզիներում նույնպես անտառային հրդեհներ են։

Իտալիայի հյուսիսում փոթորիկներ են, կարկուտ և պտտահողմեր, մինչդեռ Սիցիլիայում և հարավային այլ շրջաններում անտառային հրդեհների հետևանքով 4 մարդ է մահացել։ Փոթորիկները ևս 2 մարդու կյանք են խլել։

Մի խումբ կլիմայագետներ հայտարարել են, որ Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանում հուլիսին արձանագրված տապի ալիքի պատճառներից է մարդկության առաջացրած կլիմայի փոփոխությունը։

Տապն առայժմ չի մեղմանում․ Հունաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կարող է գերազանցել Ցելսիուսի սանդղակով 44 աստիճանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ