fbpx
Իրավական

Միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահման դեպքով քրգործ է հարուցվել

Պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից /այսուհետ՝ Նախարարություն/ գլխավոր դատախազություն ուղարկված՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախարարության և ՍՊ ընկերության միջև 29.11.2017թ. կնքվել է պայմանագիր, որը ներառել է նաև նշված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները: Այդ մասով պայմանագրի գինը կազմել է 14.4մլն դրամ:

ՍՊԸ-ի կողմից կազմվել է ճանապարհաշինական նորմերի էական խախտումներով պայմանագրային պահանջներին չհամապատասխանող աշխատանքային նախագիծ, համաձայն որի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմել է 2մլրդ 319մլն դրամ: Նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության կողմից 2018թ. փետրվարի 19-ին հաստատվել է ակնհայտ անհիմն փորձաքննության եզրակացություն, որի նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրված փաստերը չեն համապատասխանում արված հետևություններին: Մասնավորապես՝ չնայած արձանագրվել է, որ նախագիծը չի համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերին, այդուհանդերձ, երաշխավորվել է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքային նախագծի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին:

Հաղորդագրության համաձայն՝ ՍՊԸ-ն 2018թ. փետրվարի 20-ին հանձնման-ընդունման նպատակով Նախարարությանն է հանձնել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները, այդ թվում՝ նշված ակնհայտ անհիմն եզրակացությունը: Պայմանագրի պայմաններին էականորեն չհամապատասխանելու պարագայում նշված աշխատանքները 2018թ. փետրվարին Նախարարության կողմից ընդունվել են և դրա հիման վրա կատարվել է համապատասխան վճարում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության ներկայացուցիչները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ կատարված աշխատանքները պայմանագրային պահանջներին էականորեն չհամապատասխանելու պայմաններում հանձնման-ընդունման արձանագրությունը չստորագրելու, վերջինս, ինչպես նաև դրա չստորագրման համար հիմք հանդիսացած բացասական եզրակացությունը սահմանված ձևով հետ վերադարձնելու, ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն պատշաճ կարգով չի ստուգվել առաջադրված պայմաններին կատարված աշխատանքների որակի համապատասխանությունը, պայմանագրի կատարման նկատմամբ իրականացվել է նախնական թերի հսկողություն, ինչի պայմաններում ՍՊԸ-ին անհիմն վճարվել է 14.4մլն դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ քննարկվող աշխատանքային նախագծի հիման վրա իրականացված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների կատարման պետական գնման արդյունքում 2018թ. մայիսի 30-ին կնքվել է շինարարության իրականացման պայմանագիր, որի գինը կազմել է 1 մլրդ 298 մլն դրամ և այն ներկայումս գտնվում է կատարման փուլում:

Վերը նկարագրված դեպքերի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ