Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ ավելի քան 4 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ 3 տարիների հետ համեմատած։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները:
Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 4 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 1339։
Պաշտպանի առաջարկների ու զեկույցների հիման վրա մշակվել են սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթներ, շարունակվում են դիմումներ հասցեագրվել Սահմանադրական դատարան և ներկայացվել հատուկ կարծիքներ, ամրապնդվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ինչպես նաև շեշտակի զարգանում է միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ։