ԱՐՄԵՆՊՐԵՍԸ գրում է՝
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու:
Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում հեռախոսակապ է հաստատվել իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև գրություն է հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:
Բողոքի ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձանց համագործակցության արդյունքում զինծառայողն ընդունվել է զինվորական հոսպիտալ ստացիոնար բուժման, իրականցվել է զինծառայողի վիրահատությունը, որից հետո նրան տրամադրվել է վերականգնողական արձակուրդ: