Սեպտեմբերի 24-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
- Միրզոյանը և Վիկտորիա Նուլանդը խոսել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին
- Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
«Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված համագործակցության խորացման հեռանկարներին։
Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները՝ շեշտելով, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
