Հայ համայնքն իմ խոսքը շատ ջերմ ընդունեց ԱՄՆ-ում: Լոս-Անջելեսում կայացած հավաքի ժամանակ իմ խոսքն ազգային կյանքի ու մեր երկիրը զարգացնելու ուղղությամբ տարվելիք ռազմավարության վերաբերյալ տեսակետի մասին էր: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամերիկյան Fox LA հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության»-ը:
Պատասխանելով հարցին, թե ինչու 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը» մեկնարկեց Գյումրիում՝ Փաշինյանը պատասխանել է, որ Գյումրին շատ կարևոր քաղաք է հայերի համար, քանի որ այն Հայաստանի մշակութային ու ճարտարապետական կենտրոնն է:
ՀՀ վարչապետը խոսել է նաև 2018 թվականի հեղափոխության մեկնարկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների, այդ ընթացքում շարժման մասնակիցների պատկերացումների ու ներկա իրականության միջև զուգահեռների մասին:
«Կային մի քանի իրավիճակներ, երբ կազմակերպված անկարգություններ տեղի ունեցան: Ես հայտարարել էի, որ այս անկարգությունները կազմակերպվել էին իշխանությունների կողմից: Այդ ամենն, ասես, ֆիլմ-ներկայացում լիներ: Ես միշտ համոզված եմ եղել, որ մենք կարողանալու ենք իրավիճակը մեր ձեռքերում պահել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: