ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին:
«Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջև: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն ու երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով»,- ընդգծել է Ալեքսեյ Զայցևը։
Զայցևի խոսքով՝ Մոսկվան ձևակերպել ու առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ:
«Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- հավելել է նա։