fbpx
Քաղաքականություն

Կովկասյան խառնաշփոթ․ հայկական հայացք

Հարավային Կովկասը հանդիսանում է ժամանակակից աշխարհի ամենապրոբլեմատիկ տարածաշրջաններից մեկը, սրան նպաստում են մի շարք գործոներ, որոնցից կուզենայի առանձնացնել Արցախի հիմնահարցը և կոնկրետ գերտերությունների գերակտիվ հակադրությունները, որոնք տեղ են գտնում այս տարածաշրջանում։ Նշածս գործոնները Հայաստանի Հանրապետության համար ունեն գերկարևոր նշանակություն և դրանք որոշակի առումով հանդիսանում են դետերմինանտ մեկը մյուսի համար։ 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հրվ․ Կովկասի քաղաքական կոնյուկտուրան 180 աստիճանով փոխվեց։ Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ հասավ նրան, որ այսօր չկա այն ստատուս քվոն, որը ուներ Արցախը 1994 թվականի զինանդադարից հետո, Արցախի Հանրապետության կոնկրետ տարածքներ հայտնվեցին ադրբեջանական օկուպացիայի տակ, ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայվեցին ադրբեջանական զորքեր և, որ ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունն է տարածաշրջանի համար, այսօր Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժեր։ 

Պատերազմից արդեն մեկ տարի անց կարելի է փաստել, որ ակտիվ աշխատաքեր են տարվում Արցախի առջև ծանրացած հումանիտար խնդիրների լուծման համար, սակայն մի շարք գերկարևոր քաղաքական հարցեր մնում են անպատասխան։ Դրանցից  կուզենայի առանձնացնել ՝ Արցախի հետագա կարգավիճակի հարցը (այդ թվում Արցախի կոնկրետ տարածքների դեօկուպացիան), 

ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի հեռացումը, 

Հայ ռազմագերիների վերադարձը, 

Տարածաշրջանային տրանսպորտա-լոգիստիկ և տնտեսական ապաշրջափակումը (այդ թվում դրա հնարավոր ռիսկերը և դրանց կառավարումը ՀՀ -ի կողմից):

Վերոնշված խնդիրները, որոնք ծանրացել են ՀՀ-ի առջև, պահանջում են համապարփակ աշխատանք կոնկրետ ուժային կենտրոնների հետ, որոնց օգնությամբ ՀՀ կարող է որոշակի լուծումներ գտնել։ 

Այսօր,  Հրվ․ Կովկասը առավել քան եբևէ կանգնած է լրջագույն աշխարհաքաղաքական տրանսֆորմացիանների առջև։ Առաջին հայացքից թվում է, թե հիմնական տարածաշրջանային խաղացողները Թուրքիան և Ռուսաստանն են, սակայն մի փոքր խորը հայացքից հետո պարզ է դառնում, որ Իրանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ոչ պակաս հետաքրքրություն և ցանկություն ունեն տարածաշրջանի ակտիվ քաղաքական գործընթացների վրա ակտիվ ազդեցություն ունենալու։  

Այսպիսի պայմաններում, երբ մի շարք ուժային կենտրոններ փորձում են ուժեղացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում, ճկուն և գրագետ արտաքին քաղաքականության միջոցով Հայաստանի Հանրապետությունը կարող է լուծել մի շարք խնդիրներ, որոնցից մենք առանձնացրել ենք գերկարևոր չորսը(նշված են վերևում)։ 

Արցախի հետագա կարգավիճակի հարցը(այդ թվում Արցախի կոնկրետ տարածքների դեօկուպացիան) 

Այստեղ պետք է կոնկրետ նշենք, որ ուժային կենտրոներից ամենակտիվ հետաքրքրվածությունը այս հարցում ունի ԱՄՆ-ն։ Պատերազմից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար ղարաբաղյան հարցը լուծված չէ և Արցախի կարգավիճակի հարցը պահանջում է կոնկրետ լուծումներ։ 

ԱՄՆ-ի համար անթույլատրելի է ունենալ չորրորդ ռուսական փաստացի ռազմաբազան Հրվ․ Կովկասում (մյուս երեքը՝ Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ Աբղազիա և Հրվ․ Օսետիա, 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիյում) և նահանգները հասկանում են, որ մինչև չլուծվի Արցախի կարգավիճակի հարցը և որոշակի անվտանգային սխեմաներ չաշխատեն և դրանով  Արցախը չունենա որոշակի անվտանգային երաշխիքներ, ռուսական զորքերի ներկայությունը հենց Արցախի և իր բնակչության համար կշարունակի ունենալ գերկարևոր նշանակություն։ Այս պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է սերտ համագործակցի ԱՄՆ-ի հետ, օգտագործելով նաև հայկական լոբիստական կազմակերպությունների ռեսուրսները։ 

ՌԴ-ն նույնպես հասկանում է, որ իր այպես կոչված խաղաղապահ գործունեությունը պայմանավորված է Արցախի անվտանգային համակարգի թուլացման հետ և յուրաքանչյուր քայլ, լինի դա քաղաքական թե ռազմական, որը կնպաստի Արցախի անվտանգային համակարգի ուժեղացմանը ուղղակիորեն հակասում են ռուսական շահին Արցախում։ Սա է պատճառը, որ ՌԴ-ն այս պահին և մոտ ապագայում չի քննարկելու ոչ մի կոնկրետ հարց, որը կապված է Արցախի կարգավիճակի հետ, սակայն մյուս կողմից ռուսական քաղաքական էլիտան երբեմն խոսում են Արցախի կարգավիճակի մասին՝ նշելով , որ շատ վաղ է այդ հարցը դարձնել կոնկրետ քննարկումների առարկա։ Այս միջոցով Ռուսաստանը փորձում է լեգիտիմացնել իր ներկայությունը Արցախում, հասկացնելով, որ դեռ չկա կարգավիճակ և դրանից բխող անվտանգային երաշխիքներ։ 

 

ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի հեռացումը

Ցավոք սրտի այս հարցը չունի գերկարևոր նշանակություն ուժային կենտրոնների համար, սակայն ԱՄՆ-ն և ԵՄ անդամ Ֆրանսիան բազմիցս տարբեր մակարդակներում հայտնել են իրենց անհագստությունը և հորդորել են Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը ՀՀ տարածքից։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ակտիվացնել այս հարցի քննարկումները և օգտագործել Արևմտյան ինստիտուտները, որոնք կարող են ունենալ որոշակի ազդեցություն Ադրբեջանի վրա։ 

ՌԴ-ն և փաստացի իր խամաճիկ, արհեստականորեն ստեղծված ՀԱՊԿ-ն ընդհանրապես հետաքրքրված չեն իրենց դաշնակցի ինքնիշխան տարածքի օկուպացիայով, նրանք արդեն մի քանի ամիս է վարում են ջայլամի քաղաքականություն և փորձում են անտեսել այս փաստը։ 

Հայաստանը պետք է հասկանա, որ ժամանակի ընթացքում այս խնդիրը մոռացվելու է, այդ իսկ պատճառով նա պետք է համագործակցի իր Արևմտյան գործընկերներ հետ և պահի այս հարցը ակտիվ քննարկումների փուլում

Հայ ռազմագերիների վերադարձը

Պատերազմից անցել է մեկ տարի, սակայն մինչ այսօր Ադրբեջանը ապօրինաբան շարունակում է պատանդի կարգավիճակում պահել հայ ռազմաերիներին, որոնք դառնում են կեղծ դատավարությունների զոհ, սպանվում են և ենթարկվում ֆիզիկական  և հոգեբանական բռնության։ ՌԴ-ն հանդիսանալով նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի կողմ ի զորու չէ կարգավորել իր իսկ կողմից ստորագրված դրույթները, որոնցից մեկը, հենց գերիների առանց նախապայմանների վերադարձն է։ Այստեղ փաստացի մենք ևս մեկ  անգամ պետք է ապավինենք մեր բնական դաշնակիցների՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։ ԱՄՆ-ն չնայած այն փաստին, որ չի հանդիսանում հրադադարի պայմանագրի կողմ, իր ամենաբարձ քաղաքական մակարդակով, այն է՝ ԱՄՆ նախագահի մի շարք հայտարարություններով կոչ է արել Բաքվին առանց նախապայմանների վերադարձնել բոլոր պատանդված հայ ռազմագերիներին։ Սույն թվականի հունիսին 15 ռազագերի ԱՄՆ-ի ուղղակի օժանդակության և Վրաստանի օգնությամբ վերադարձան հայրենիք։ 

 Տարածաշրջանային տրանսպորտա-լոգիստիկ և տնտեսական ապաշրջափակումը (այդ թվում դրա հնարավոր ռիսկերը և դրանց կառավարումը ՀՀ -ի կողմից)։ 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և  Ադրբեջանի իշխանություններ ակտիվ խոսում են տարածաշրջանի ապաշրջափակման կարևորության մասին։ ՀՀ, ԱՀ և ՌԴ փոխվարչապետերի մակարդակով գործում է հատուկ հանձնաժողով, որն էլ զբաղվում է հենց ապաշրջափակման հարցերով։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի տեսլականը ոչ մի կերպ չի համապատասխանում ռուսական և ադրբեջանական միասնական տեսակետին։ Հայաստանի իշխանությունները՝ ՀՀ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարել են, որ իրենց համար գերկարևոր նշանակություն ունի տրանսպորտա-լոգիստիկ և տնտեսական ապաշրջափակումը, և Հայաստանը պատրաստ է բացել իր սահմանները Ադրբեջանի առջև, հնարավոր դարձնելով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա տրանսպորտային կապը, փոխարենը ակնկալելով տրասպորտային կապ դեպի Իրան և Ռուսաստան ադրբեջանական տարածքով։ 

Կարծես թե ամեն ինչ տրամաբանակ է և ինչու ոչ՝ իրատեսական։ Սակայն կա գերկարևոր մի հարց․ Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի ուղղակի և Ռուսաստանի անուղղակի աջակցությամբ, առաջ են քաշում, այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» թեզը, որը իրենից ներկայացնում է կոնկրետ տարածքի  տրամադրում, որը կունենա հատուկ կարգավիճակ և փաստացի չի հանդիսանա ՀՀ ինքիշխան տարածքի մաս։ Ադրբեջանի կառավարությունը օրինակ է բերում Լաչինի միջանցքը, պահանջելով այդպիսի միջանցք Սյունիքի մարզում։ 

Թուրքիայի և Ադրբեջանի հետաքրքրությունները պարզ են այս հարցում, նրանք ուզուն են ունենան անխափան տրանսպորտային կապ Հայաստանի տարածքով և ոչ մի կախում չունենան Հայաստանից։ Այստեղ ավելի հատկանշական է Ռուսաստանի Դաշնության մոտեցումը։ Քանի որ ռուսական կողմը ինքն իրեն հռչակել է հաշտարար՝ ղարաբաղյան հակամարտության մեջ և ինքն է վերահսկում Լաչինի միջանցքը, դեպքերի, հնարավոր հակահայկական զարգացման դեպքում, ինքն է վերահսկելու և այպես կոչված «զանգեզուրի միջանցքը»։ Այսինքն՝ ամբողջ տրանսպորտային կապի անվտանգությունը պահպանվելու է ռուսական զինված ուժերի կողմից, որը իրենից նշամակում է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը ուղղակի կախման մեջ են ընկնում Ռուսաստանից։ Իմանալով ռուսական կայսերապաշտական ագրեսիվ քաղաքականության մասին, կարող ենք փաստել, որ ՌԴ-ն սա օգտագործելու է իր հետագա պլաններում, որոնց գագաթնակետն է Ադրբեջանին անդամակցումը, ՀԱՊԿ-ի , ԵԱՏՄ-ի և Հայաստանի բռնակցումը ՌԴ-Բելառուս «միութենական պետությանը»։ 

Փաստացի՝ ՀՀ-ն այս հարցի շուրջ պետք է պայքարի Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ, ապավինելով՝ իր բնական դաշնակիցների՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և այստեղ պետք է նշեմ նաև Իրան։ 

ԵՄ անդամ Ֆրանսին իր Հայաստանում դեսպանի մակարդակով հայտարարել է, որ դեմ է «միջանցքների» ստեղծմանը Հայաստանի ինքիշխան տարածքում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը իր արձակուրդի մի մասը անցկացրեց Սյունիքի մարզում, պարզ հասկացնելով, որ Հայաստանի հարավային սահմանը գերկարևոր նշանակություն ունի նաև իր երկրի համար և նրա բաժանումը ինչ-որ միջանցքներով հակասում են ամերիկական շահերին Հրվ․ Կովկասում։ Այստեղ իհարկե ԱՄՆ հասկանում է, որ այս միջանցքը հետագայում դառնալու է ռուսական հզոր զենք Հայաստանի ինքնիշխանության դեմ, որով էլ Մոսկվան կստիպի Երևանին հրաժարվել Արևմուտքից, կբռնակցի այն իր նեոսովետական կայսրությանը։ 

Այս հարցի վերաբերյալ Իրանի դիրքորքշում էլ ավելի բացահայտ և կոնկրետ է։ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները տարբեր մակարդակներում հայտարարել են, որ իրենց երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների որևէ փոփոխություն չեն հանդուրժի։ Իրանը հասկանում է, որ այս միջանցքով, նախ ուժեղանալու է ռուսական ազդեցությունը, մյուս կոմից, իհարկե, նրան անհագստացնում է նաև Թուրքիայի գերակտիվացումը տարածաշրջանում և շիաական Ադրբեջանի վերջնական թուրքացումը, որը հետագայում ազդելու է նաև Իրանի հյուսիսային շրջանների թյուրքալեզու բնակրության վարքաբանական մոդելի վրա։ Ելնելով վերոհիշյալ փաստերից Իրանը, ինչպես՝ Արևմուտքը դեմ են հնարավոր միջանցքի ստեղծմանը։ 

Ամփոփելով, պետք է փաստեմ, որ Հայաստանը գտնվում է գերակտիվ քաղաքական գործընթացների կիզակետում և իր յուրաքանչյուր քայլ ունենալու է կոնկրետ ազդեցություն այդ գործընթացների վրա։ Հիմա պետք չէ լինել ռուսամետ, հակառուս, սիրել կամ ատել Արևմուտքը, հիմա պետք է ռացիոնալ դատել քո շահերը և համեմատել դրանք գերտերությունների շահերի հետ, եթե համընկնում է՝ աշխատել իրենց հետ, եթե ոչ՝ պայքարել իրենց կոնկրետ շահերի հետ։ 

Ռացիոնալ դատելուց հետո կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շահերը համընկնում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և որոշ դեպքերում  Իրանի հետ։ Ադրբեջանի շահերը ուղղակիորեն համընկնում են իր մեծ եղբոր՝ Թուրքիայի և ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանի հետ։ 

Քաղաքականությունը սիրել, չսիրելու արվեստ չէ, այս գերռացիոնալ դաշտ է, որտեղ պետք է քայլել սթափ, հաշվարկված քայլերով։

Արա Գևորգյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ