fbpx
Մշակույթ

Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում

Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։

Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային այլ հիմնարկների՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակադրումով.

իրականացնել մշակութային ծրագրեր (փառատոներ, վարպետաց դաս­ընթացներ և այլն) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից իրենց գիտելիքների, տեխնիկական և տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների փոխանցման նպատակով.

կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի իրավական դաշտը, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ներդրողների իրավունքներն ու պարտականությունները և նրանց միջև փոխհարաբերությունները, կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման մեխանիզմները և խրախուսել ֆինանսական ներդրումային հոսքերը.

միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ իրականացնել զբոսաշրջային ենթակառուց­վածքների զարգաց­ման ծրագրեր, աջակցել միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացմանը.

աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավան­դույթների վերականգնմանը.

ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծել տեղեկատվական շտեմարան:

Ժամանակակից արվեստի ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ.

ստեղծել ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր.

աջակցել դեբյուտային ստեղծագործական ծրագրերին՝ արվեստի փորձարա­րական և նորարարական ձևերի խրախուսմամբ.

ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հայաստանի Հանրա­պետության մարզերում՝ իրականացնելով մշակույթի տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետու­թյունում մշակու­թային կյանքի ապակենտրոնացման և մարզերում մշակութային զարգացման աջակցության միջոցով.

իրականացնել կրթության ու մշակույթի կապը խթանող ծրագրեր, առաջնա­հերթու­թյունը տալով հասարակության խոցելի խմբերի համար մշակույթին հաղորդակից լինելու իրավունքի իրացման ապահովմանը, որի հիմքում ոչ միայն այդ խմբերի համար հատուկ միջոցառումների կազմակերպումն է, այլև նրանց գործուն ընդգրկումը և մասնակցությունը մշակութային և ստեղծագործական ներառական ծրագրերում:

Մշակույթի հանրահռչակման ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

իրականացնել հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրեր՝ Հայաս­տանում և նրա սահմաններից դուրս: Անհրաժեշտ է բարձրացնել հայկական մշակույթի ճանա­չելիությունն աշխարհում՝ արտասահմանյան երկրների և սփյուռքի մշակութային կազմա­կեր­պու­թյունների ու անհատների հետ համագործակցության ընդլայնմամբ, որը միաժամանակ կուղեկցվի այլ մշակույթների՝ Հայաստանի Հանրա­պետությունում հանրահռչակման ծավալ­ների մեծացմամբ:

Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակներում, ըստ ծրագրի, կխթանվեն Հայաստանի տարածքում գտնվող պատմա­մշակութային հուշարձանների ուսումնասիրությունների և հնագիտական համալիր հետազո­տա­կան նորանոր ծրագրերի իրականացումը, այդ ուսումնասիրությունների միջազգայնացումը և հանրահռչակումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ