Ճապոնիայի կառավարությունն առաջվա պես կողմնակից է այն քաղաքականությանը, որն ուղղված է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը:
Այդ մասին վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է խորհրդարանի արտահերթ՝ 210-րդ նստաշրջանի բացմանն իր ծրագրային ճառում: «Ուկրաինայի իրադրության պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են բարդ իրադրությունում, բայց մենք կողմնակից ենք տարածքային խնդիրը լուծելու և հաշտության համաձայնագիր կնքելու ուղղությանը»,-ասել է նա:
Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը, որոնք երկրներն այդպես էլ չստորագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի և սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:
1956 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի և Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի և Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է: