«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:
««Մանչեսթեր Յունայթեդը» լավ մարզավիճակում է: Մրցակիցը հիանալի շրջան է անցկացնում, բայց մենք ևս շարունակում ենք պայքարը: ՄՅՈւ-ի հետ մեկ ամիս առաջ խաղացել ենք Գավաթի խաղարկության շրջանակում. չնայած պարտվեցինք 1-3 հաշվով՝ վատ հանդես չեկանք և լավ պահեր ստեղծեցինք:
Հասկանում ենք, որ կիրակի մեզ հիանալի թիմի դեմ բարդ հանդիպում է սպասվում, բայց մենք խաղալու ենք տանը և ունենալու ենք երկրպագուների աջակցությունը: «Արսենալը» պետք է ջանք չխնայի, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք է ցույց տա իր հնարավորությունների առավելագույնը, թիմը պետք է առաջ գնա ըստ գրված ծրագրի: Ցանկանում եմ, որ մարզադաշտում հիանալի մթնոլորտ լինի, դա կօգնի մեզ:
Այս խաղի համար կընտրեմ այն ֆուտբոլիստներին, որոնք համեմատաբար թարմ են, քանի որ «Ռենի» հետ խաղում շատ ուժ ծախսեցինք: Համոզված եմ՝ ընտրածս կազմը կհամապատասխանի պահանջներիս»,- Էմերիի խոսքերը մեջբերել է The Irish Examiner-ը:
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է մարտի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
Հաղորդում է armsport.am-ը։