fbpx
Իրավական

Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շուրջ վերջերս տեղ գտած քննարկումները՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հարկ է համարում նշել, որ Հանրապետության նախագահի դիմումով նպատակ է հետապնդվել Սահմանադրությամբ ամրագրված որոշ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու և հստակեցնելու: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ լուծում տվեց նշված խնդիրներին՝ այդ թվում հստակ մեկնաբանելով մի շարք սահմանադրական նորմեր, որոնք այլևս իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են հանդիսանում:

Սահմանադրական դատարանի կողմից Հանրապետության նախագահի դիմումի քննության և որոշումն ընդունելու համար պահանջվել է ավելի քան 5 ամիս, որի արդյունքում սույն թվականի ապրիլի 19-ին կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում (26 էջ)՝ հատուկ կարծիքով:

1. Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի առաջին կետով, մասնավորապես, արձանագրվել են Օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում առաջացող վարչապետի ընտրության ողջամիտ ժամկետների պահպանման պրակտիկ և իրավական-կառուցակարգային ռիսկերը:

Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի դիմումի 1-ին կետում տեղ գտած դիտարկմանն անդրադառնալով՝ Սահմանադրական դատարանն՝ իր 2019թ. ապրիլի 19- ի ՍԴՈ – 1454 որոշման իրավական դիրքորոշման մեջ մասնավորապես նշել է. «…Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, թեև վարչապետի ընտրության հարցի առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով նաև օբյեկտիվ պատճառները, կարող է տարբեր կանոնակարգումներ ամրագրել, սակայն այդ կանոնակարգումները չեն կարող անսպառ ձգձգել վարչապետի ընտրությունը: Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է վարչապետի առաջին ընտրության և վարչապետի նոր ընտրության գործընթացների ողջամիտ առավելագույն վերջնաժամկետներ սահմանել: եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չի ապահովվում նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դեպքերում՝ արտակարգ իրավիճակներում, Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտելու միջոցով, ապա այդ իրավիճակը չի կարող անորոշ ժամկետով պահպանվել, քանի որ դա կնշանակի անորոշ ժամկետով չունենալ վարչապետ, որն էլ, իր հերթին, կհանգեցնի սահմանադրական մի շարք այլ պահանջների չկատարման»:

2. Հանրապետության նախագահի վերոնշյալ դիմումով բարձրացվում էր հետևյալ կետերի վերաբերյալ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

ա) մասնավորապես, օրենքի նախագծի Հանրապետության նախագահի դիմումով վիճարկվող դրույթում օգտագործված էր հետևյալ արտահայտությունը՝

«…պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով…», որն էլ առաջացրեց տվյալ եզրույթի իրավական բովանդակության որոշակիության հարցը: Այդ խնդիրը, որպես վիճելի իրավական հարց, դարձել էր բազմաթիվ իրավաբանների քննարկումների առարկա:

Հանրապետության նախագահի կողմից բարձրացված այս հարցի վերաբերյալ նույնիսկ արձանագրվել է Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ կարծիք: Հատուկ կարծիքով, մասնավորապես, արձանագրվում է, որ Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու համար:

բ) «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի այդ պահին գործող խմբագրության մեջ առկա էր և առաջարկվող փոփոխություններում էլ նույնությամբ արտացոլված և վերահաստատված էր առերևույթ կարևոր իրավական բաց, որի վերաբերյալ վերջնական՝ համապարտադիր մեկնաբանում կարող էր տալ բացառապես Սահմանադրական դատարանը: Ուստի Հանրապետության նախագահի դիմումի վերջին կետով բարձրացված հարցի նպատակն էր վիճարկվող դրույթի սահմանադրական բովանդակության բացահայտումն ու Սահմանադրությանը համապատասխանության ստուգումը: Օրենսդրական բացի սահմանադրականության հարցի քննարկման և իրավունքի բացի հաղթահարման առումով Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտված դիրքորոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա հանդիսանալ այն դեպքերում, «երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»:

Մինչդեռ վերոնշյալ խնդրով Սահմանադրությամբ ու օրենքներով, ներառյալ օրենքի փոփոխություններով, որևէ պրակտիկ լուծում առերևույթ նախատեսված չէր այն մասով, թե Ազգային ժողովի հատուկ նիստի չկայացած համարվելու պարագայում ինչպես է հնարավոր վարչապետի առաջին ընտրության հարցն ավարտել քվեարկությամբ, որն էլ իր հերթին, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առերևույթ պարտադիր նախապայման է երկրորդ փուլով ընտրություն իրականացնելու համար: Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը մեկնաբանել է 149-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ հստակեցնելով դրա իրավական բովանդակությունն, ու այդ մեկնաբանությունն այժմ հանդիսանում է իրավական համակարգի բաղկացուցիչ մասը:

Ցանկանում ենք շեշտել նաև, որ նախագահական նստավայրի դռները բաց են յուրաքանչյուր անձի համար, ով ունի դժգոհություններ, դիտարկումներ կամ առաջարկներ Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորություն­ների իրականացման վերաբերյալ, և Հանրապետության նախագահը միշտ պատրաստ է լսել բոլորի կարծիքները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ