Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտ, որտեղ տեղի ուենցավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկում ֆրանսիացի առաջատար փորձագետների հետ՝ «Չեթըմ Հաուսի» կանոններով:
Իր խոսքի սկզբում Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին գործընթաց էր: Վստահ եմ՝ կհիշեք փոփոխություն պահանջող մարդկանց հոսքը Հայաստանի փողոցներում և նրանց ձեռքին նկատած կլինեք բարձրացված դրոշը՝ հայկական եռագույնը. որևէ այլ դրոշ չկար: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը չուներ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ: Դա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր ժողովրդին»:
Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է անվտանգության խորը գիտակցության վրա, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով. դա պատմական համատեքստն է, դա տարածաշրջանային քաղաքականությունն է և դա արդի համաշխարհային մարտահրավերներն են:
Նախարարի խոսքով վերջին 27 տարիների ընթացում Հայաստանը կառուցել է իր անվտանգության ճարտարապետությունը, որը հիմնված է համապարփակ և համագործակցային անվտանգության սկզբունքի հիման վրա: Այդ սկզբունքը ներառում է ռազմաքաղաքական անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի պետական և հասարակական կառույցների, տնտեսական և սոցիալական զարգացման անվտանգությունը: Համապարփակ անվտանգության ապահովման նպատակով Հայաստանը համագործակցում է իր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ՝ մշտապես ունենալով այն ելակետը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես հայաստանամետ է, և Հայաստանը որևէ երկրի հետ իր հարաբերությունները չի կառուցում մեկ այլ երկրի հաշվին։
Քննարկման ժամանակ տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի առնչությամբ։ Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով, որ հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անօտարելի իրավունքի հարգման վրա:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։