ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը մայիսի 27-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Շտեֆեն Կոտրեի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին՝ AfD խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ամին-Պաուլ Համփելը, Մարկուս Ֆրոնմայերը, Վալդեմար Հերթը, ինչպես նաև Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավորներ Անդրեաս Քալբիցը, Անդրեաս Գալաուն և Բիրգիթ Բեսինը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացվող հարցերին։
Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը տեղեկացրել է հյուրերին, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Եվրոպական Միության հետ համատեղ Գերմանիայում կազմակերպել ներդրումային ֆորում։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերելու այս նախաձեռնությանը։
Անդրադառնալով երկրի տնտեսական ներկայիս վիճակին՝ նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է իրականացվող տնտեսական բարեփոխումները, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, գործող առևտրային ռեժիմները։
Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել Մանե Ադամյանին Հայաստանի տնտեսությունում իրականացվող բարեփոխումների համապարփակ ներկայացման համար։ Այնուհետև հյուրերը Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերին վերաբերող հարցեր են ուղղել նախարարի տեղակալին․ մասնավորապես նրանց հետաքրքրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորությունները։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքից։