Azat TV-ի խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում մասնավորապես ասվում է․
«Փաշինյանն ակնհայտորեն փոխել է իր գործելաոճը և լայվերով հանդես չի գալիս։ Վերջին շրջանում սկսել է հանդես գալ միայն պաշտոնական հաղորդագրություններով և հանդիպումներին արված հայտարարություններով։ Սա և՛ լավ, և՛ վատ կողմեր ունի։
Սկսենք վատից՝ նա իզոլացված է, քիչ է շփվում հանրության հետ, կարծիքներ չի հայտնում ավելի բաց և թափանցիկ ձևով, ինչպես առաջ էր։ Օրինակ, զանգում էր կորոնայով հիվանդների հետ խոսում, այցելություններ էր իրականացնում տարբեր գերատեսչություններ, հաճախ փողոցում ինչ-որ հանրային միջոցառումների էր մասնակցում։ Այս ոճն ընդդիմախոսների կողմից հաճախ էր քննադատվում և ազատ շփումների ընթացքում տեղի ունեցող շատ երևույթներ դառնում էին մեմեր։
Հիմա լավը՝ նա, լայն զանգվածների հետ չշփվելով հանդերձ, ավելի շատ ժամանակ է ունենում տեղեկանալու հանրության, ինչպես նաև միջազգային զարգացումների մասին, կատարելու այն աշխատանքները, որոնք օրհասական են Հայաստանի համար (հաջողել-չհաջողելը չեմ քննարկում)։ Հանդես է գալիս՝ բացառապես ընթերցելով տեքստերը, որոնք նախապես մշակված ու պատրաստված են, ոչ թղթային հարցապնդումներ են հնչում հնթացս՝ Կառավարության նիստերի ժամանակ։
Ի՞նչ արդյունքների կկարողանա հասնել Փաշինյանն ու իր նորաստեղծ կառավարությունը, կերևա շատ արագ, երբ սկսեն իրականավցել ծրագրերը։ Մի բան աչք է զարնում նոր ծրագրից՝ Արցախի հարցում ներառված ՊԲ-ի ԱՀ-ի անվտանգության երաշխավորի մասին ներառելը և զուգահեռ՝ կոնֆլիկտի խաղաղ լուծման գնալու պատրաստակամությունը։
Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Ալիևը մանևրներ է փորձում անել՝ շահելու համար իր ասած Զանգեզուրի միջանցքը, հայտարարելով՝ իբր ՀՀ կողմը չի ցանկանում խաղաղության գնալ, քանզի չի զիջում այդ միջանցքը, որն իրականում հակասում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Էյֆորիկ վիճակում գտնվող բռնապետը խաղաղության մասին խոսում է սպառնալիքի լեզվով, որը վերջին շրջանում սակավ ազդեցություն ունի մեր կողմի վրա։
Հատկանշական է, որ Ռուսաստանը, ԵՄ և ԱՄՆ ազդեցությունների ու ակտիվ գործունեության հետևանքով, փորձում է ՀՀ կողմին սիրաշահել և բալանսը թեքել ի նպաստ Հայաստանի՝ զինելով և երբեմն պրոհայկական հայտարարություններ անելով, իբրև կոմպենսացում կամ քողարկում նախկին բացթողումներին, սխալներին, որպեսզի օգնի դաշնակցին՝ դուրս գալու անվտանգության խնդիրներից։ Սակայն, դեռ ոչ մի գործողություն չի իրականացրել, որպեսզի ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուր բերվեն ադրբեջանական զորքերը՝ բացատրելով, թե չկան հստակեցված սահմաններ, որոնք խախտված լինեն հակառակորդի կողմից։
Վերոգրյալը, ամենայն հավանականությամբ շատ ավելի զգուշավոր է դարձրել և դրդել Փաշինյանին աշխատաձևը փոխել, ով պատերազմից հետո ծանր վիճակում էր հայտնվել, մինչև խորհրդարանական ընտրությունները։ Սակայն, կարելի է ասել, որ իր հետ կապված նոր դրությունը սառեցված է և ներկայումս դրան գումարվել է միջազգային լարվածությունները՝ տարածաշրջանի երկրների հարաբերությունների փոփոխություններն ու ուժային կենտրոնների անկանոն փոխհարաբերությունները»։

