Առնվազն երկու միգրանտ է զոհվել անցած գիշեր Լամպեդուզա իտալական կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով: Ինչպես փոխանցում է Rai News 24 պորտալը, առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները ջրից երկու կնոջ մարմին են դուրս բերել։
Նշվում է, որ 22 մարդ, որոնց թվում եղել են նաև կանայք ու անչափահասներ, փրկվել են: Նրանք բոլորը տեղափոխվել են Լամպեդուզա:
Աղբյուրի տեղեկություններով՝ կղզու ափերի մոտ շարունակվում են որոնողական գործողությունները: Ծովում հայտնաբերվել է ևս երկու մարմին, բայց առայժմ չի հաջողվել նրանց դուրս բերել ջրից: Ողջ մնացածների տեղեկությունների համաձայն, խորտակված նավում շուրջ 50 միգրանտ կար: