«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը ուղերձ է հրապարակել.
«Մենք՝ «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնությունը, կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը և Միջազգային հանրությանը միանալ մեր՝ Հայաստան-Արցախ միջազգայնորեն ճանաչված միջանցքի բացմանը հասնելու նպատակին։ Այս ճանապարհը հայ ժողովրդի բարօրության և զարգացման էական հայեցակետ է, քանի որ այն Արցախի բնակիչների և նրանց կենսական ռեսուրսների ապահովման միակ ուղին է:
Բացի վերոնշյալից՝ միջանցքի բացումն ունի նաև խորհրդանշական արժեք. այն կվերականգնի և կամբողջացնի կապը Արցախի ու Հայաստանի միջև, կամրապնդի ժողովրդավարական արժեքներով ապրելու ցանկություն ունեցող 120000 մարդու իրավունքների պաշտպանությունը, կկանխարգելի հումանիտար աղետը և ահաբեկչության միջոցով Արցախի բնիկ ժողովրդի հայրենազրկումը, կչեղարկի հասունացող ռազմական էսկալացիան, դրական ազդակ կփոխանցի մեզ շրջապատող ժողովուրդներին՝ ապաքինելու և ժողովրդավարացնելու սեփական հանրությունները՝ ի նպաստ մարդկության բարօրությանը, Հայաստանում և տարածաշրջանում արժանապատիվ խաղաղության ապահովմանը։
Մեր նախաձեռնությունն առաջարկում է համախմբում Բերձորի/Լաչինի միջանցքի բացման նպատակի շուրջ, որը կուղղվի համատեղ գործողությունների մշակմանը, անորոշության զգացումի թուլացմանը և հանրության պառակտվածության վերացմանը։
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին և գործընկերներին միանալ նախաձեռնությանը և քայլեր ձեռնարկել՝ աջակցելու համատեղ նպատակի իրականացմանը։ Հավաքական ջանքերով մենք կարող ենք իրական փոփոխություն բերել հայ ժողովրդի անվտանգ ու կայուն ապագային»- ասված է հայտարարության մեջ։