Հայաստանի ազգային ռազմավարության մշակման շրջանակներում առաջիկայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծրագրում է հանդիպել նաև Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին, որ նոր ռազմավարության մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբում իրենք չկան:
Եվ, ահա, երեկ այդ առնչությամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք պլանավորում ենք հանդիպում: Կարծում եմ՝ շուտով հանդիպում կլինի խմբակցությունների ղեկավարների կամ այլ մակարդակով: Հիմա մտածում ենք՝ ինչ մակարդակով»,-նշեց նա:
Շատ մանրամասներ չհայտնելով` Գրիգորյանը նշեց, որ ռազմավարության մեջ ամրագրված է լինելու 2018 թվականի հեղափոխության արժեքներն ու սկզբունքները, ինչը, որպես առաջնահերթություն, նախատեսել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Բոլոր ուղղություններով, բոլոր արժեքները, որոնք հայտարարվել են, և որոնք մեր կառավարման համակարգն արդյունավետ կաշխատի, այդ առնչությամբ ակտիվ աշխատելու ենք»,-նշեց նա:
Այլ մանրամասներ` ռազմավարության բովանդակության հետ կապված, Արմեն Գրիգորյանը չցանկացավ բացահայտել՝ նշելով, որ քննարկումներն ակտիվ ընթանում են: Հավելենք, որ Հայաստանի ազգային ռազմավարության մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի հունիս-հուլիս ամիսները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: