Կառավարության շենքի դիմաց հուլիսի 8–ից հացադուլ անող, նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, վերսկսել է հացադուլը։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը խոստացած ժամկետներում չի կատարել իր պահանջները, այդ պատճառով էլ ինքը նորից է հացադուլ անում Կառավարության շենքի մոտ:
«Պաշտպանության նախարարությունը այնքան է հաբռգել, որ իմ մասին անձնական տվյալներ, տեղեկատվություն է տրամադրել լրատվամիջոցին, խախտելով իմ իրավունքները: Դրա փոխարեն նա իր պարտականությունները թող կատարի։ Ես արդեն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Ոստիկանություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը կառավարության շենքի դիմաց երկրորդ անգամ սկսած հացադուլը դադարեցրել էր հուլիսի 25-ին։ Նա նախարարությունից պահանջում է իրեն հասանելիք արձակուրդայինի եւ զորացման գումարները։
Աղբյուրը՝ news.am