ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի գրառմամբ անդրադարձել է ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամասից փախուստի դիմած զինվորի միջադեպին:
«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ զինվոր է ինքնակամ հեռացել: Ըստ աղբյուրի՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։