fbpx
Քաղաքականություն

Նախընտրական շրջանն ունի իր տրամաբանությունը

Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն արդեն ուրվագծում է ընտրապայքարի հիմնական ճանապարհը: Թեև այն դե յուրե մի քանի օր է, ինչ մեկնարկել է, բայց առկա իրավիճակը վերլուծական դաշտին թույլ է տալիս որոշակի գնահատականներ տալ:

Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս իր գնահատականն ունի:

«Երկու ուժ պայքարում են միմյանց դեմ, և այնպիսի տպավորություն է, որ այդ երկուսը միմյանցից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Մնացածը, կարծեք թե, մնացել են ուշադրությունից դուրս»,–«Փաստի» հետ զրույցում արձանագրեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է սևի և սպիտակի տրամաբանությանը, ավագանու ընտրությունների հետ տարվող զուգահեռներին, Կ. Քոչարյանը նկատեց. «Երևանի ավագանու ընտրություններին այդ երկբևեռությունը վիրտուալ էր: ՀՀԿ–ն չէր մասնակցում այդ ընտրություններին: Այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը սև–սպիտակ էր խաղում վիրտուալ ուժի, իսկ հիմա՝ ռեալ ուժի հետ: Իսկ ՀՀԿ–ն իր պաստառներով, լոգոյով և ամեն ինչով իր վրա է վերցրել սև լինելը»:

Նրա խոսքով՝ երկու քաղաքական ուժերը հենց այդ խաղի կանոններով էլ խաղում են: Իսկ թե ուր կտանի այդ ճանապարհը, ըստ մեր զրուցակցի՝ կերևա տասը օր հետո:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներին, Կ. Քոչարյանը արձանագրում է, որ վերոնշյալ երկու ուժերը նախընտրական հստակ տեխնոլոգիաներ են օգտագործում. «Որոշակի կրեատիվություն կա «Մենքի» ու «Լուսավոր Հայաստանի» մոտ: Ես նոր ուժերից էի ինչ–որ բաներ սպասում, բայց նոր ուժերն ընդհանրապես զրոյական են, բացառությամբ՝ «Քաղաքացու որոշում» դաշինքի՝ կանաչ գույնի, որն ի սկզբանե աչքի ընկավ: Ուրիշ ոչ մի նորություն չկա»:

Կարգախոսների, լոգոների հանդեպ մեծ ուշադրությունը քաղտեխնոլոգը չի պայմանավորում որևէ հանգամանքի բացակայությամբ կամ առկայությամբ. «Ոչ թե քաղաքական ուժերի, այլ ԶԼՄ–ների խնդիրն է, որ դրանց վրա են ուշադրություն սևեռում: Սա եղել է միշտ և կապ չունի՝ ասելիք եղել է, թե՝ ոչ, լավն է եղել, թե՝ վատը, միշտ դրան են ուշադրություն դարձնում»:

Ընդհանուր առմամբ, ծրագրային կարևոր դրույթների անտեսվելու պատճառն, ըստ քաղաքագետի, մեկն է. «Ի սկզբանե բոլորն ուշադրություն են դարձնում երկու ուժերի «փոխհրաձգությանը»:

Այնուամենայնիվ, Կ. Քոչարյանը չի կարծում, որ այդ համատեքստում ուշադրությունից դուրս է մնում էլեկտորատը: «Հենց էլեկտորատի վրա էլ խաղում են, որովհետև մեր էլեկտորատը երբեք չի ուզում լսել խոսքեր կամ բանական խոսք: Մեր էլեկտորատը միշտ առաջնորդվում է էմոցիաներով, և նրանք հենց այդ էմոցիաների վրա էլ խաղում են: Այնպես չէ, որ սրա մեղավորը քաղաքական ուժերն են: Դրա մեղավորը մեր հասարակությունն է, որը սերիալային է, արցունք է ուզում և առաջնորդվում է էմոցիաներով: Ոչ մի խելոք միտք չի ուզում լսել: Ես նկատի չունեմ ամբողջ հասարակությանը, բայց, ցավոք, հասարակության մեծ մասն այդպիսին է»,–ասաց նա:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ծրագրային դրույթների կարևորությունը բանական հատվածի համար վաղուց կա. «Բայց քանի որ առայժմ գերակշռում է էմոցիոնալ հատվածը, իսկ ընտրություններին պետք է ձայների քանակ, դրա համար նրանք ավելի շատ խաղում են քանակի, քան որակի վրա: Այս իրավիճակը չի լինի, եթե առաջիկա հինգ տարում, ով էլ լինի իշխանություն, աշխատի նրա վրա, որ հասարակությունը կրթվի և հասկանա՝ ինչն է առաջնայինը, ինչը՝ ոչ: Այսինքն՝ հասարակությանը բերել, այսպես ասած, շողուլի»:

Մեր զրուցակիցը քարոզարշավի ոճը, բառապաշարը որակում է հենց այնպիսին, ինչպիսին ուզում է տեսնել ու լսել հասարակությունը: Բայց, այնուամենայնիվ, քաղտեխնոլոգը ներկայիս քարոզարշավն ու դրա հռետորաբանության ազդեցությունը որևէ կերպ չի կապում արդեն ձևավորվելիք ԱԺ–ի հետագա աշխատանքի հետ:

«Ըստ իս՝ նախընտրական շրջանը դրա հետ ոչ մի կապ չունի: Նախընտրական շրջանն ունի իր տրամաբանությունը և ավարտվելուց հետո իշխանության եկած ուժը պետք է ամեն ինչ անի, որ շտկի իրավիճակը, կրթի հասարակությանը՝ առաջնայինը երկրորդականից տարբերելու և դա հասկանալու առումով: Նախընտրական այսօրվա հռետորաբանությունը և տրամաբանությունը որևիցե կապ չունեն ապագայի հետ: Ընտրական տրամաբանությունն ուղղված է քանակին»,–ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ