fbpx
Առողջապահություն

Ներկայացվել է դեղերի անվտանգության համակարգի հզորացման ծրագրի ընթացքը

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է 3S (Smart Safety Surveillance) ծրագրի շրջանակներում կազմակերպված դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառմանը:

Ողջունելով ներկաներին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխամասային, Եվրոպական տարածաշրջանի և Հայաստանի գրասենյակի ներակայացուցիչներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությանը Հայաստանի դեղակարգավորման համակարգում նշանակալի ներդրումների համար, փոխնախարարը նշել է, որ դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումներն էապես կնպաստեն թե’ հանրային առողջության պահպանմանը, թե’ դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

«Առողջապահության նախարարության դեղային քաղաքականության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերի, ինչպես նաև դրանց ռացիոնալ կիրառման ապահովումն է: Ուստի` ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից մեզ համար առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը, կիրառվող գործիքակազմի կատարելագործումը, պացիենտների իրազեկվածության բարձրացումը և մասնագետների գիտելիքների ընդլայնումը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը բացման խոսքում:

«Եթե դուք ունենայիք ընդամենը 10 ԱՄՆ դոլար ձեր հաշվեհամարին, ինչպես կծախսեիք այն: Այս հարցն է դրվել ԱՀԿ դեղազգոնության հզորացման 3S ծրագրի ռազմավարության գաղափարախոսության մշակման հիմքում: Երբ ռեսուրսները սահմանափակ են, իսկ նորարարական դեղերը թակում են առողջապահական համակարգի դռները, մենք ստիպված ենք ընտրություն կատարել՝ արդյունավետ գործելու համար կիրառելով «ռիսկերի վրա հիմնված առաջնահերթությունը», որպես մոդելային մոտեցում: Գործելով տեղային կարիքներին համապատասխան՝ կիրառելով միջազգային հնարավորությունները, կենտրոնացնելով ուշադրությունը հիմնական և առաջնային անհրաժեշտության դեղերի վրա՝ միաժամանակ այլ դեղերի համար օգտագործելով գործընկերների փորձը՝ ստեղծել դեղերի համապարփակ կարգավորող համակարգ, որը կապահովի դեղերի կողմնակի ազդեցության դեպքերի արագ հայտնաբերումը, դրանց գնահատումն ու համապատասխան որոշումների ընդունումը՝ պացիենտի անվտանգությունը ապահովելու համար: Սա էր մեր նպատակը, որը մենք փորձեցինք իրագործել Հայաստանում՝ 3S ծրագրի շրջանակներում»,- նշել է ԱՀԿ գլխամասային գրասենյակի դեղերի անվտանգության ծրագրի ղեկավար Շանթի Պալը:

Միջոցառմանը ներկայացվել են դեղերի անվտանգության համակարգի հզորացման ծրագրի ընթացքը, Հայաստանում դեղերի անվտանգության դիտարկման համակարգը, ձեռքբերումները և հեռանկարները, ինչպես նաև 3S ծրագրի բաղադրիչներն ու կարևորությունը:

Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել համապարփակ կարգավորող համակարգ, որը կապահովի դեղերի կողմնակի ազդեցության դեպքերի արագ հայտնաբերումը, դրանց գնահատումն ու համապատասխան որոշումների ընդունումը: Այն գործիք է, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ