Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» ալիքը ներկայացրել է ռուսական Տ-90ՄՍ տանկի փորձարկումների կադրեր, որոնք ցուցադրում են ինչպես տանկի մանևրայնությունը, այնպես էլ դիպուկությունը և այլ բնութագրեր, որոնք ուղղված են միջազգային գնորդների հետաքրքրությունը շարժելուն։
Տեսանյութին կից հրապարակման մեջ նշվում է, որ թեև տանկը համալրվել է մոդուլային դինամիկ զրահով, սակայն դրա զանգվածը չի գերազանցել 50 տոննան, ինչի արդյունքում մեքենան շարունակում է ունենալ շարժունակության բարձր մակարդակ։ Հաղորդագրության համաձայն՝ մեծացվել է նաև հրանոթի դիպուկությունն ու դիմացկունությունը։
Այս ամենը, ըստ էության, նախապատրաստվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ցուցադրության ժամանակ տանկը ներկայացնելու համար։ Առհասարակ Տ-90 տանկերը ավելի քան 40 տարի ծառայող, խորհրդային Տ-72 փորձառու տանկի խորը արդիականացումն է, ինչի նպատակը արտաքին գնորդի համար ավելի նոր տանկի տպավորություն ստեղծելն է։
Թեև հենց ռուսական բանակում Տ-90 տանկերի քանակը խիստ փոքրաթիվ է (ռուսական բանակը հրաժարվել է դրանց զանգվածային գնումներից), բայց ռուսական կողմին հաջողվել է այս տանկի խոշոր խմբաքանակ վաճառել Ադրբեջանին։ Այդ տանկերը ադրբեջանական կողմից մասնակցել են նաև Ապրիլյան պատերազմին։