fbpx
Կառավարություն

Ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու․ Հանդիպել են Սամվել Բաբայանը և Նիկոլ Փաշինյանը

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում:

Սամվել Բաբայան – Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել: Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը:

Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի:

Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, – որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել – ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ