Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խոստացել է տարածել հրեական ինքնիշխանությունը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքների վրա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Աստծո օգնությամբ մենք կտարածենք հրեական ինքնիշխանությունը բոլոր բնակավայրերում՝ որպես պատմական Իսրայելի և Իսրայել պետության մաս»,-դպրոցականների առաջ նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը ելույթի ժամանակ հայտարարել է Նեթանյահուն։
Նշվում է նաև, որ պաղեստինցի պաշտոնյաները քննադատել են Նեթանյահուի նման հայտարարությունը: Մասնավորապես, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի խոսնակ Նաբիլ Աբու Ռդաինահն այն որակել է իրերի անթույլատրելի վիճակ ստեղծելու փորձի շարունակություն, որը չի հանգեցնի խաղաղության, անվտանգության կամ կայունության:
Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեսինյան տարածքներում գտնվող բնակավայրերը նույնիսկ ներքին օրենսդրությամբ Իսրայելի մաս չեն համարվում, իսկ Նեթանյահուի նման կտրուկ հայտարարությունը հնչել է երկրում համընդհանուր ընտրություններին ընդառաջ:
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ հուլիսի 26-ին իսրայելցիների կողմից Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների տներն ապամոնտաժելուն ի պատասխան Պաղեստինը հայտարարել էր այդ երկրի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունների դադարեցման մասին: