Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից նոյեմբերի 4-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են ընթացիկ տարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքի արդյունքները և հայտնաբերման, բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ քայլերը։ Քննարկվել են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ու այդ ուղղությամբ համատեղ իրականացվող միջոցառումները։
Նկատենք, որ Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության խնդիրը շարունակում է հուզել հայ հանրությանը, քանի որ այդ հանցավորության կանխարգելման գործում պատկան մարմիններն ի վիճակի չեն լիարժեք պայքարել՝ սոցիալական ցանցերի միջոցով այդ հանցավորության տարածման դեմ պայքարի արդյունավետ մեթոդաբանություն չունենալու պատճառով։ Մնում է միայն հուսալ, որ միջգերատեսչական այս հանձնաժողովի հերթական նիստը որեւէ դրական առաջընթաց կարող է ապահովել ՀՀ Ոստիկանության աշխատանքում։

