Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նկատվել է Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասում, մինչ նրա ամուսինը՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) նախկին գործադիր տնօրեն Փիթեր Մյուրելը, ավարտում է բանտարկության առաջին շաբա շաբաթը։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Մյուրելը դատապարտվել է 5 տարի և 3 ամիս ազատազրկման՝ կուսակցությունից ավելի քան 400,000 ֆունտ ստերլինգ յուրացնելու համար։
Հունիսի 23-ին Էդինբուրգի Բարձրագույն դատարանում ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն՝ Մյուրելը 2010-2022 թվականներին յուրացրած միջոցներն օգտագործել է 124,550 ֆունտ արժողությամբ ավտոտնակ-մեքենա (motorhome), թանկարժեք զարդեր, կենցաղային շքեղ իրեր և դիզայներական գրենական պիտույքներ ձեռք բերելու համար։ Մեղադրյալը խոստովանել է նաև, որ կեղծել է հաշվապահական փաստաթղթերը՝ գործած հանցագործությունները թաքցնելու նպատակով։
55-ամյա Նիկոլա Սթերջենը, ով Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2023 թվականներին, հեռու է մնացել ամուսնու գործունեությունից։ BBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Ես պատասխանատվություն չեմ կրում իմ նախկին ամուսնու կատարած հանցագործությունների համար և ներողություն չեմ խնդրելու ուրիշի արարքների համար»։ Սթերջենը նաև պնդել է, որ ոստիկանական հետաքննությունը նրան ամբողջությամբ մաքրել է կասկածներից, և որ Մյուրելը խաբել է իրեն՝ թաքցնելով կուսակցության ֆինանսական իրավիճակը։
Այս գործը լուրջ հարված է Շոտլանդիայի ազգային կուսակցության հեղինակությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մյուրելը երկար տարիներ ղեկավարել է կուսակցության վարչական ապարատը։

