Հուլիսի 13-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին։
«Հարգարժան տիկին Էյզըմա,
Տեղեկություն ստացանք, որ դուք նույնպես մասնակցել եք դիվանագիտական հավաքին, Ադրբեջանի կողմից գրավված Շուշի՝ քաղաքում։ Նիդերլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։
- Հայ Դատի գրասենյակն առաջարկել է Վաշինգտոնում թուրք դեսպանի նստավայրի փողոցը վերանվանել
- Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ ազատել հայ գերիներին
Մենք ցնցված ենք, որ դուք բարոյական բոլոր արժեքներին հակառակ, ամբողջական արհամարհանք եք դրսևորում հայ ժողովրդի, Նիդերլանդների հայկական համայնքի և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հանդեպ։ Միթե՞ դուք տեղյակ չէիք, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Գերմանիայի նման երկրների ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել այդ հավաքին։ Սրանք իմիջիայլոց այն երկրներն են, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միշտ հետապնդել են Արցախի հարցի խաղաղ հանգուցալուծման ճանապարհները։
Փաստորեն ձեր մասնակցությամբ դուք ապացուցում եք, որ այս երկրները ներկայացնող այս միջազգային կառույցի խաղաղասիրական քայլերին դուք դեմ եք։
Ամիսներ շարունակ Նիդերլանդների իշխանությունները տարբեր որոշումներով դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, ինչպես նաև Ալիևի վերաբերմունքը հայ ռազմագերիների հանդեպ։ Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների ապօրինի բանտարկությունները և նրանց անօրինական դատապարտումները։ Խորհրդարանը չորս տարբեր որոշումներ է ընդունել այս հարձակողապաշտության և բռնատիրական քաղաքականության հանդեպ։ Ձեր մասնակցությամբ դուք ամբողջությամբ արհամարհում եք ժողովրդավարությամբ ընտրված մեր խորհրդարանի որոշումները։
Նիդերլանդահայության անունից մենք բացատրություն ենք պահանջում ձեր վերոնշյալ քայլերի կապակցությամբ և սպասում ենք, որ շատ արագ կարձագանքեք»,- նշել են նամակում։