Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները սոցիալական աջակցության ծրագրերի, առողջապահական բարեփոխումների, պետական ծառայողական մեքենաների կրճատման և արագաչափերի հարցում ցույց են տալիս առաջնորդի, ով կարծես խճճվել է իր իսկ մշտական հակասությունների մեջ: Նրա դիրքորոշումները հաճախ տեղափոխվում են մի ծայրահեղությունից մյուսը, բարձրացնելով հարցեր նրա առաջնորդական ոճի, հետևողականության և Հայաստանի ապագայի նկատմամբ նրա տեսլականի վերաբերյալ։
Փաշինյանը հայտարարում է, որ սոցիալական աջակցություն ստացող ընտանիքների թիվը կրճատվել է աշխատատեղերի ավելացման հաշվին։ Սակայն այս «դրական» ցուցանիշները չեն անդրադառնում աղքատության մակարդակի նվազմանը և կյանքի որակի բարելավմանը։ Աշխատանքի աճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով, օրինակ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով ներգաղթով կամ ժամանակավոր շինարարական նախագծերով, այլ ոչ թե տեղական քաղաքականության հաջողություններով։ Նա մի կողմից խոսում է սոցիալական աջակցությունը խթանելու մասին, մյուս կողմից մեղադրում է չաշխատողներին՝ դա համարելով հոգեբանական խնդիր։ Այսպիսի մոտեցումը արհամարհում է աղքատության համակարգային պատճառները. իսկ հոգեբանական խնդիր ունեցող մարդկանց նսեմացնում։
Փաշինյանը խոստովանում է, որ Հայաստանը պատրաստ չէ առողջապահության համապարփակ ապահովագրության անցնելուն՝ նշելով համակարգի ձախողման վտանգները։ Չնայած առողջապահական բյուջեն կրկնապատկվել է 2018-ից ի վեր, հանրային գոհունակությունը չի աճել։ Չնայած բյուջեի մեծացմանը, ոլորտում հիմնարար բարեփոխումներ չեն իրականացվել։ Փաշինյանի այս դիրքորոշումը վկայում է հապաղում և պատասխանատվությունից խուսափում՝ խաթարելով ոլորտի զարգացման հնարավորությունները։
Փաշինյանը վերջերս հայտարարեց պետական ծառայողական մեքենաների կրճատման «կացնային» մոտեցման մասին։ Սա հակասում է նրա նախկին հայտարարություններին, որոնք նույնպես ուղղված էին պետական ծախսերի կրճատմանը, բայց այդ ժամանակ դրանք առավելապես խորհրդանշական էին։ Հետևաբար «պադավատների» կրճատումը քաղաքական շոու էր, այլ ոչ թե օպտիմիզացում։ Տարիների ընթացքում նրա խոստումները վերածվել են ցուցադրական քայլերի, որոնք շատ քիչ կապ ունեն համակարգային օպտիմիզացիայի հետ։ Դրանց վառ օրինակն է նաև արագաչափերը։ 2018-ին Փաշինյանը քննադատում էր արագաչափերը որպես նախկինների թալանի մեխանիզմ։ Հիմա նա իր վրայից իր խոսքերը գցում է հանրության վրա, իբրև հարցը լուծել հանրաքվեով՝ որդեգրելով չեզոք դիրք։ Նախկինում դեմ արտահայտված լինելով արագաչափերին, այժմ նա անտեսում է դրանց դրական ազդեցությունը՝ ճանապարհային կարգուկանոնի և անվտանգության վրա։ Սա ցույց է տալիս պոպուլիզմի ու քաղաքական ուղղության բացակայությունը։
Փաշինյանի հակասական դիրքորոշումները հարցեր են առաջացնում նրա ղեկավարական և որոշումներ կայացնելու կարողության մասին։ Տարօրինակ են նրա քայլերը, խոսքերը։ Դա ի վերջո ժողովրդահաճո լինելու համար են արվում, թե՞ հոգեբանական բարդություններ ունի։ Հաճախակի դիրքորոշումների փոփոխությունները մատնանշում են, որ նա փորձում է բոլորին դուր գալ, նույնիսկ, եթե դա հակասում է իր իսկ նախկին հայտարարություններին։ Հիմնական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն նա խուսափում է որոշումներից՝ վախենալով հնարավոր ձախողումներից։ Թեև կառավարությունը հայտարարում է վիճակագրական հաջողությունների մասին, այդ «հաջողությունները» չեն անդրադառնում աղքատության, անհավասարության և ենթակառուցվածքների հիմնախնդիրների վրա։ Իրեն թվացել է, թե սոցիալական, առողջապահական ու ֆինանսատնտեսական ոլորտներում հաջողել են, սակայն իրավապահ համակարգում ոչ, և դրա համար գնաց կադրային ջարդի, որի մասին կադրադառնանք հաջորդիվ հոդվածով։
Այուհանդերձ, Նիկոլի ղեկավարումը գնալով ավելի շատ բնութագրվում է հակասություններով և մակերեսային պոպուլիզմով։ Նրա անկարողությունը պահպանել հետևողականություն և ապահովել էական բարեփոխումներ խարխլում է հանրային վստահությունն ու Հայաստանի զարգացման հնարավորությունները։ Հայաստանը արժանի է առաջնորդության, որը հստակ տեսլական ունի, հավատարմություն է ցուցաբերում ազգային շահերին և ունի փոփոխություններ իրականացնելու համարձակություն։ Եթե Հայաստանը պետք է զարգանա, անհրաժեշտ է փոխել ներկայիս պոպուլիստական ու հակապետական մոտեցումները և կառուցել փոփոխությունների առաջնորդություն։