Նիկոլ Փաշինյանի բացման խոսքը ԵԽԽՎ-ի լիագումար նիստում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Փաշինյանը ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում։ Ելույթի բացման խոսքը ներկայացնում ենք ստորև։

«Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերը իրենց խոսքը սկսում են հետևյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալը ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ և նշանակություն:  Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:

1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:

Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ և դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:

Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանը այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը և այն ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:

Ռասսել Ջոնսթոնը իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին և թերևս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական և ԵԽ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում:

Ու չնայած դրանից հետո մի քանի անգամ իմ դեմ քրեական վարույթ սկսվեց, իմ բանտում հայտնվելը բավականին հետաձգվեց և տեղի ունեցավ միայն 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ապօրինի գործողությունների արդյունքում զոհվեց Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի, որոնցից ութը խաղաղ ցուցարարներ: Այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանության բաժիններ էին տարվում՝ միայն ցույցի մասնակից լինելու համար: Իսկ մոտ հարյուր քաղաքական լիդերներ որպես քաղբանտարկյալ հայտնվեցին բանտերում:

Հավաքներ անելու իրավունքից զրկված, բանտում հայտնված քաղաքական գործիչների ու նրանց հարազատների, Մարտի 1-ի զոհերի հարազատների միակ հույսն ու ապավենը այդ ժամանակներում Եվրոպայի Խորհուրդն էր, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որովհետև Մարտի 1-ից հետո Սահմանադրությունն ըստ էության չեղարկվել էր Հայաստանի Հանրապետությունում, և մարդիկ չունեին պաշտպանության ոչ մի հուսալի իրավական երաշխիք, ոչ մի հույս:

Եվ այդ դեպքերին առնչությամբ ԵԽԽՎ ընդունած 5 բանաձևերը թարմ օդի նման փոխում էին Հայաստանի մթնոլորտը, մարդկանց հույս տալով, որ ամեն ինչ չէ, որ կորած է: 2009 թվականից կալանքի տակ լինելով և 2010 թվականին դատապարտված լինելով 7 տարվա ազատազրկման, ես ընդամենը երկու տարի անցկացրի բանտում և ազատության մեջ հայտնվեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բայց նաև Եվրոպայի Խորհրդի աջակցության շնորհիվ:

2011 թվականի ձմռանը բանտում ինձ այցելեց ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը և դա շատ կարևոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի և իմ խնդրի վրա միջազգային ուշադրություն սևեռելու առումով:

Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով, հասկանալով, որ Եվրոպայի Խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ, խղճի կալանավոր:

ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի հետ իմ հարաբերությունների հաջորդ փուլը 2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն ես Հայաստանի վարչապետն էի, և այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում և որպես հեղափոխության հերթական հանգրվան երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենաթարմ