fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը թաղում է Մադրիդյան սկզբունքները՝ հրապարակ բերելով Մյունխենյան սկզբունքները. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը թաղում է Մադրիդյան սկզբունքները՝ հրապարակ բերելով Մյունխենյան սկզբունքները

Իմ կարծիքով, Փաշինյան-Ալիև հրապարակային հանդիպման ամենակարևոր ուղերձը հենց բուն այդ ձևաչափով հանդիպումն էր:

Այն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին ինչ-որ կերպով հակամարտության կարգավորման գործընթացում ներքաշելուն ուղղված կարևոր քայլ էր՝ նպատակ հետապնդելով մի կողմից շոշափել երկու ժողովուրդների տրամադրությունները, մյուս կողմից աստիճանաբար նախապատրաստել նրանց՝ հակամարտության ենթադրվող կարգավորման եզրափակիչ փուլին:

Երեկ մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ Ադրբեջանն ուզում է ամեն ինչ և պատրաստ չէ որևէ փոխզիջման:

Անցած տարի հնարավորություն ունեցա Արցախի այսօրվա նախագահի ամենահավանական հաղթող թեկնածուներից մեկին ուղիղ հարցնել, որ մենք գիտենք, թե ի՞նչ է ուզում Ալիևը, իսկ մեր վերջնական ուզածն ի՞նչ է: Արդյոք մենք արդեն լուծել ենք Արցախի հարցը, թե՞ ոչ, և ո՞րն է այն կարմիր գիծը, որից այս կողմ հայկական կողմը չի կարող քաշվել:

…Գիտե՛ք, անկախ նրանից, թե երեկ ինչ էր ասում Ալիևը, շատ ավելի կարևոր է, թե նրա ասածների վերաբերյալ ինչ հակափաստարկներ ունի հայկական կողմը:

Խնդիրը տվյալ դեպքում բացարձակ Նիկոլ Փաշինյանը չէ և նրա պատասխանները չեն:

Ինձ համար իսկապես տարօրինակ ու մտահոգիչ է, որ անկախ Հայաստանի դիվանագիտությունը 30 տարի շարունակ չի կարողացել կազմել հակամարտության կարգավորման մեր պատկերացմամբ հայեցակարգային հիմնական ուղենիշերը, չի պատրաստել հնարավոր բոլոր հարցերի պատասխաններն ու հակափաստարկները, որ անկախ պետության ղեկավարի ով լինելուց, դրանք մշտապես ներկայացվեն միջազգային հանրությանը և չլինեն որևէ սակարկման առարկա որևէ բանակցություններում: Ինձ համար իսկապես հասկանալի չէ, որ 1992թ. մինչ օրս չի ձևավորվել համապարփակ, օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված դիրքորոշում 1992թ. Խոջալուի իրադարձությունների կապակացությամբ:

Այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմի միակ հակափաստարկն Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցն է:

Անհրաժեշտ է համակարգված ձևով մշակել, փաստաթղթավորել և հստակ դիրքորոշում ձևակերպել այդ իրադարձության վերաբերյալ՝ ուղղակի ջարդելով ադրբեջանական քարոզչական ավանտյուրան:
Խորապես համոզված եմ, որ մենք պարտավոր ենք հաղթել նաև քարոզչական պատերազմում, որի համար անհրաժեշտ է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով հասու դարձնել միջազգային հանրությանը հակամարտության էության, դրա ծագման ու զարգացման փուլերի մասին:

Ուղղակիորեն միջազգային հանրությանը պետք է ընկալելի դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ որևէ ձևով միայն Ադրբեջանի պատկերացումների համատեքստում հարցի լուծումն ուղղակի սպառնալիք է յուրաքանչյուր Արցախցու կյանքի համար:

Այս ամենի համատեքստում ուշագրավ է Հայաստանի վարչապետի այսօր հրապարակած Մյունխենյան սկզբունքները հակամարտության կարգավորման պատկերացումների մասին:

Ըստ էության՝ նա հասկացնել տվեց, որ հայկական կողմը թաղում է Մադրիդյան սկզբունքները և կյանք տալիս Մյունխենյան սկզբունքներին:

Ամբողջությամբ համամիտ լինելով Փաշինյանի հրապարակած սկզբունքների 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի հետ, այնուամենայիվ, հարկ եմ համարում ընդգծել, որ Փաշինյանը դեռևս չի նշում, թե իր կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի հակամարտության փուլային լուծման հեռանկարի վերաբերյալ, ո՞ր տարածքներն է համարում որպես անվտանգության տարածքներ, որոնք չեն կարող զիջվել:

Հիշատակված սկզբունքներից, բնականաբար, ամենաուշագրավը հարցի որևէ լուծմանը նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին սկզբունքն է:

Սա ամենակարևոր շեշտադրումն է, թե Ն. Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում հարցի լուծումը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի ժողովրդի համար»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1277836999084935&id=100005759414165

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ