fbpx
Խորհրդարան

Նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը

Ապրիլի 29-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ:

«2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը քննարկման է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը գոհունակությամբ նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ առկա է արդյունավետ աշխատանք:

Նա տեղեկացրել է, որ ՄԻՊ գործունեությունը միջազգային մանրամասն վերանայման է ենթարկվել և երկրի միջազգային հեղինակության համատեքստում կարևորել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող անկախ հանձնախմբի կողմից կառույցին կշնորհվի միջազգային անկախության ամենաբարձր կարգավիճակ:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ աշխատանքը տարվել է երկու հիմնական ուղղություններով՝ անհատական իրավիճակներ և հիմնարար հարցերում կանխարգելիչ գործունեություն՝ նպատակ ունենալով կատարելագործել ՄԻ համակարգը և մեծացնել ՄԻՊ ինստիտուցիոնալ ազդեցությունը երկրում: Նրա խոսքով՝ 2018 թվականն առանձնացել է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ. կրկնակիից ավելի աճել է բողոքների թիվը, զգալի շատացել են այցերը, կրկնակիից ավելի են եղել այցերը քրեակատարողական հիմնարկներ և այլ փակ հաստատություններ, հրապարակվել է 10-ից ավելի արտահերթ զեկույց:

Անդրադառնալով 2018 ապրիլյան իրադարձություններին՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ մարտի 31-ից ողջ գործընթացը ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման ներքո է եղել, առաջնահերթ խնդիրը եղել է այն մասնակիցների իրավունքների երաշխավորումը, որոնք ոստիկանության կողմից բերման ենենթարկվել կամ իրականացվել է վարչական ձերբակալում: Այդ օրերին ՄԻՊ աշխատակազմն արտակարգ գրաֆիկով է աշխատել՝ իրականացնելով շուրջօրյա և մշտական դիտարկումներ: Զեկույցում ընդգծվել է այդ օրերի իրադարձությունների խաղաղ բնույթը և կազմակերպիչների հանդուրժողականության կոչերը, ինչը, ըստ Արման Թաթոյանի,ամենակարևորն էր խաղաղ ընթացքի ապահովման համար: Այս համատեքստում զեկույցում անդրադարձ կա սոցիալական ցանցերում ատելության խոսքի ու բռնության կոչերի տարածման, կեղծ օգտատերերի խնդրին:

Մեծ ուշադրություն է հատկացված լրագրողների աշխատանքին: Ըստ Արման Թաթոյանի՝ պետական մարմինը պետք է լրագրողին վերաբերի օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով, զուգահեռ պետք է շարունակաբար զարգանա լրագրողի արհեստավարժությունը:

ՄԻ պաշտպանն անդրադարձել է նաև ինֆորմացիայի ազատության սահմանափակումներին, փաստաբանության ոլորտի խնդիրներին, երեխաների հատուկ խնամք իրականացնող հաստատություններում միասնական չափանիշների բացակայությանը, քրեակատարողական հիմնարկների խնդիրներին, կանանց և երեխաների իրավունքների հարցում առկա կարծրատիպերի հաղթահարմանը, զինված ուժերում ՄԻ պաշտպանությանը, որոնց մանրամասն անդրադարձ կա զեկույցում:

Արման Թաթոյանի խոսքով՝ ակտիվ համագործակցություն է ձևավորվել Արցախի ՄԻՊ-ի հետ, մեծացել է ՀՀ ՄԻՊ ինստիտուտի միջազգային ներգրավվածությունը, 2015 թ. համեմատությամբ 5 անգամ աճել է կառույցի աշխատանքի արդյունավետությունը՝ դրական գործերի թվով:

Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավորներն անդրադարձել են դատական նիստերի ձգձգման, քրեակատարողական հիմնարկներում բուժծառայության որակի խնդիրներին, սոցիալական ցանցերում ատելություն տարածող խմբերի գործունեությանը և դրա հետևանքներին, առողջության պահպանման հարցում քաղաքացիների իրազեկմանը հատկապես պետպատվերի շրջանակում, մեր երկրում քաղբանտարկյալների առկայությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած ժամկետն ավելի մեղմ պատժաժամկետով փոխարինելու համակարգը չգործելուն և այլ հարցերի, որոնց վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նա, գործընկերներին շնորհակալություն հայտնելով կառուցողական հարցադրումների ու առաջարկների համար, համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Քննարկված հարցն ընդունվել է ի գիտություն:

Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով:

Նիստի ավարտին Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկով հանձնաժողով է հրավիրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նշվել է, որ առաջիկայում հանձնաժողովը կնախաձեռնի այցեր հոգեբուժական հաստատություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ