fbpx
Մշակույթ

Նկարիչների միության նոր նախագահն է` Սուրեն Սաֆարյանը

Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կինոյի տան դահլիճում` միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուրեն Սաֆարյանը ստացավ  193  ձայն:  Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց: 351 հոգի մասնակցել է ընտրությանը և նրանցից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, իսկ 82-ը` Կարեն Աղամյանին: «Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր վստահեցին ինձ: Մենք նոր փուլ ենք սկսելու: Այսօրվանից սկսած Նկարիչների միությունը մտնում է նոր փուլ և մեկ ընտանիքի պես պետք է կարողանանք կառավարել ու վաղվա օրը ծաղկեցնել»,- նշեց Սաֆարյանը:Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը շնորհավորեց նորանշանակ նախագահին և հարկ եղած դեպքում իր աջակցությունն առաջակեց նրան: «Ես շնորհակալություն եմ հայտնում 20 տարի ինձ վստահելու համար: Սուրենին ցանկանում եմ մեծ հաջողություններ, նա երիտասարդ և էներգիայով լի անձնավորություն է»,- նշեց Աղամյանը:Այս տարվա հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:Նրանք նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն էր ներկայացնում այդ հարցի շուրջ` շեշտելով, որ  ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն ձայն է տվել: Երբ իրեն  հարցրել են, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել, նա պատասխանել է, որ այն պետք է լինի 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ